4.02.2026
Բաբայան. Ալիևը խոսում է ոչ թե փոխզիջման, այլ անցյալին վերադարձի մասին, ինչն անհեթեթ է
18.10.2016
Բաբայան. Ալիևը խոսում է ոչ թե փոխզիջման, այլ անցյալին վերադարձի մասին, ինչն անհեթեթ է

Դա Արդբեջանի նախագահի հերթական սադրիչ հայտարարությունն է: Նա խոսում է ոչ թե փոխզիջման, այլ անցյալին վերադարձի մասին, ընդ որում, ըստ Ալիևի տրամաբանության, Ղարաբաղը պետք է հրաժարվի իր անկախությունից ու դառնա գաղութ, համակերտրոնացման ճամբար Ադրբեջանի կազմում: Սա անհեթեթություն է և որևէ մեկի կողմից չի կարող ընդունվել որպես լուրջ մոտեցում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է փոխզիջման միջոցով, բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառմամբ և միայն այդ ժամանակ, ըստ Ալիևի, «եթե համաձայնության գան, Ղարաբաղը կարող է լինել ինքնավար հանրապետություն»: Ըստ Բաբայանի՝ դա արդեն անցած ճանապարհ է: Նա մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա ուշադրություն դարձրեց, այն է՝ եթե ամիսներ առաջ Ալիևը խոսում էր Ղարաբաղը ոչնչացնելու մասին, ապա այսօր խոսում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հեռանկարի մասին: Ըստ այդմ, նկատեց Բաբայանը, Ալիևը մի քանի ամիս անց կարող է մեկ այլ եզրակացության գալ, օրինակ՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասով: Իսկ դա, ընդգծեց մեր զրուցակիցը, կլինի շատ ճիշտ գաղափար: «Եթե նա իսկապես մտահոգված է իր պետության ճակատագրով, թող ինքնավարության կարգավիճակ տրամադրի լեզգիներին, թալիշներին և բազմաթիվ այլ ազգերին, որոնք ապրում են Ադրբեջանում համակենտրոնացման ճամբարում բնակվողների կարգավիճակում: Եվ որքան շուտ դա անի, այնքան իր օգուտն է, քանի որ վաղ թե ուշ նման ազգային-ազատագրական պայքարներն անխուսափելի են»,- ավելացրեց Դավիթ Բաբայանը: Նա նաև հույս հայտնեց, որ եղանակային պայմանները դժվարություններ չեն ստեղծի համանախագահների այցի համար: Հիշեցնենք, ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ այս շաբաթվա վերջին համանախագահները կայցելեն տարածաշրջան, այդ թվում և Լեռնային Ղարաբաղ: