Ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն անընդունելի է, բայց այն հաղթահարելու համար առաջնահերթ անհրաժեշտ է դուրս բերել հայկական զորքերը այդ տարածաշրջանից: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հակամարտությունը ձգվում է, ինչպես հայտարարել է Ռուսաստանն ու Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ստատուս-քվոն անընդունելի է և մենք այս հայտարարությունն ամբողջությամբ սատարում ենք» ,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է Ալիևը: Նրա խոսքով, նախքան ստատուս-քվոյի փոփոխությունը, հարկավոր է «ազատագրել Ադրբեջանի տարածքները, որոնք 20 տարուց ավելի օկուպացված են»: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սերժ Սարգսյանն ի խոսքում ընդգծեց, որ անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: