Պաշտոնից հեռացող Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը կարծում է, որ ՌԴ հետ գործակցելու ԱՄՆ հնարավորությունները ռազմական ոլորտում կրճատվում են: «Ես տեսնում եմ ոլորտներ, որտեղ կարելի է գործակցել, սակայն դրանք գնալով նեղանում են»,-ասել է Քարթերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Bloomberg-ի վրա հղումով: «Այն ընդհանուր տարածքը, որտեղ կարելի է միասին աշխատել, վերջին 10 տարում գնալով կրճատվում է: Դա ուղղակի մեր ընթացիկ կյանքի փաստն է»,-ասել է նա: Առկա հնարավորությունների թվում Քարթերը հիշատակել է Հյուսիսային Կորեայի և Իրանի միջուկային ծրագրերը` չհիշատակելով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը: Բացի այդ, պաշտոնյան հիշեցրել է 1990-ականներին Բալկաններում երկու երկրների գործակցության մասին: Քարթերը կարծում է, որ հաջորդ 4 տարում, երբ ԱՄՆ նախագահ կլինի Դոնալդ Թրամփը, Մոսկվան ու Վաշինգտոնը կկարողանան համագորածկցել ՀԿԺՀ հարցում: «Ռուսները, ինչպես և մենք, կարծում են, որ իրենց շահերից չի բխում նոր միջուկային զենքը, պատերազմն իրենց սահմաններին»,-ասել է Քարթերը: