2017 թվականի ապրիլի 22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նա հայտնաբերվել է և ձերբակալվել։ Ներկայումս նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։ Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն: 2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի՝ նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է: Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: