Մինչև 2020 թվականն «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիները կազատվեն Եվրամիության տարածքում ռոումինգի ծառայությունների վճարից: Այդ մասին Քիշնևում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Tert.am-ի հաղորդմամբ, նա նշել է, որ անվճար ռոումինգի մասին հայտարարությունը կընդունվի աշնանը Բրյուսելում կայանալիք գործընկեր երկրների գագաթնաժողովում: «Մենք կտրամադրենք գործընկեր երկրներին լայնաշերտ ռոումինգի ծառայությունների հասանելիություն: Մենք նաև շեշտը կդնենք իրավական պետության և հիմնարար իրավունքների վրա: Ցանկանում ենք ավարտել եվրոպական տրանսպորտի ցանցի ընդլայնումը: Եվ դա օրինակներից մեկն է, որ մենք կարող ենք առաջարկել»,- ասել է Յոհանես Հանը: Հանն այդ հայտարարությամբ հանդես է եկել «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների իններորդ խորհրդակցության շրջանակներում: Եվրահանձնակատարը հավելել նաև, որ ԵՄ-ն ցանկանում է, որ միությունում գործարարները և քաղաքացիները լիարժեք օգուտ ստանան Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ նոր համաձայնագրերի կողմից բացված նոր առևտրային հնարավորություններից: «Արևելյան գործընկերության» մեջ են մտնում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: