26.08.2026
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ոչ մի հայ չի դիմել Հայաստան վերադառնալու համար. Սինանյան
27.02.2020
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ոչ մի հայ չի դիմել Հայաստան վերադառնալու համար. Սինանյան

Աշխարհում տարածված կորոնավիրուսով պայմանավորված՝ ոչ մի հայ չի դիմել Հայաստան վերադառնալու համար: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա անդրադարձավ հարցին, թե ինչու է ընդհանրապես բարդ հայրենադարձության գործընթացը։ Ավելի վաղ վարչապետը հրապարակել էր հայրենադարձ կնոջ նամակը, որը մի շարք խնդիրներ էր բարձրացրել, և հանձնարարել պաշտոնյաներին ծառայողական քննություն իրականացնել՝ մեղավորներին ազատելու աշխատանքից։ «Ինչո՞ւ է այդքան բարդ, որովհետև երկակի խնդիր կա, մեկը օրենքի հետ է կապված։ Այն օրենքները, որոնք կարգավորում են այս խնդիրը, արհեստականորեն այնքան են բարդացված, որ քաշքշուկի տեղիք են տալիս։ Եվ, իմ կարծիքով, դա անցյալում ինչ-որ չափով միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն։ Այսինքն՝ քաղաքացիություն ընդունողին որոշ ժամանակ քաշքշելուց հետո, նրանք ավելի հակված կլինեին իրենց նյարդերը խնայելու համար կաշառքի միջոցով հարցը արագ լուծել»,- ասաց Սինանյանը։ Երկրորդ պատճառը, ըստ նրա, աշխատանքի մշակույթով է պայմանավորված։ Մարդիկ վատ են վերաբերվում քաղաքացիներին, այս դեպքում՝ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մարդկանց։ Սա, ըստ Սինանյանի, գաղտնիք չէ։ «Մեր պետական ծառայողները բյուրոկրատներ են, դա գաղտնի՞ք է ձեզ համար»,- նշեց նա։ Հարցին՝ ինչո՞ւ երկու տարվա ընթացքում այդ խնդիրները չեն լուծվել, օրենքներ չեն փոխվել, որ գործընթացը հեշտանար, նա պատասխանեց. «Ըստ իս, որովհետև պետության ուշադրությունը և ռեսուրսը սևեռված է եղել ավելի հրատապ համարվող խնդիրների վրա»։ Սինանյանը նաև ասաց, որ վարչապետի հանձնարարականից հետո գործընթացի արատավոր բնույթն են ախտորոշում և դրա հիման վրա լուծումներ են առաջարկելու, հետո համապարփակ ծրագիր են ներկայացնելու, որպեսզի նման անհեթեթություններ չլինեն։