Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա առիթով։ Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 80-ամյակի առիթով: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Վիետնամի միջև գործընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել, այդ թվում՝ քաղաքական երկխոսության և փոխայցելությունների ակտիվացման, առևտրատնտեսական կապերի զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման շնորհիվ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կխթանենք մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչը կնպաստի համագործակցության հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների: Վերահաստատում եմ Ձեզ համար պատեհ ժամանակաշրջանում Հայաստան այցելելու իմ հրավերը, ինչը լավ առիթ կընձեռի երկկողմ օրակարգի առաջմղման համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: