Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է Երևանում առաջնագծից երկրի ղեկավարին աջակցող տեսանյութերով հանրության դիմող զինծառայողներին՝ նկատելով, որ իրենք ճիշտ են: «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով», - ասված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։ Նշենք, այս օրերին, երբ Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում Փաշինյանի հրաժարականի պահանջով, համացանցում ակտիվորեն շրջանառվում են առաջնագծից զինվորների կամ կամավորների՝ վարչապետին աջակցող տեսանյութերը: Նրանց ուղղված Փաշինյանի կոչը շատերն ընկալեցին, որպես քաղաքացիական պատերազմի հրահրում, որի համար սուր քննադատության են ենթարկում վարչապետին: Վարչապետն այս գրառումը կատարեց այն բանից հետո, երբ դատարանը նոյեմբերի 15-ին ազատ արձակեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որին մեղադրանք է առաջադրվել «ապօրինի զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու», «իշխանության յուրացման նախապատրաստում», «պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածներով արարքներ կատարելու համար, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Փաշինյանի գրառման մեջ ասվում է «պատերի տակ վնգստացողների հարցերը» վերջնականորեն լուծելու մասին: Ամիսներ առաջ իր հարցազրույցներում նա հենց այդպես էր անվանել դատավորներին: