Հուլիսի 17-ին կառավարությունը հաստատեց հանրային առողջապահության ոլորտում համալիր միջոցառումների ծրագիր, որը նպատակ ունի բարձրացնել կենսաբանական վտանգներին դիմակայելու ունակությունները: Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Հանրային առողջապահության անվտանգության գործողությունների ծրագիրը», որը նախատեսում է կոնկրետ միջոցառումներ՝ ոլորտի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ: Ծրագիրը սահմանում է միջոցառումների իրականացման ժամկետները, պատասխանատու պետական մարմինները, ինչպես նաև փոխգործակցող կառույցները։ Միջոցառումների իրականացումը զգալիորեն կբարձրացնի համակարգի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների, հատկապես կենսաբանական բնույթի դեպքերում: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է «Մեկ առողջություն» սկզբունքի ներդրումը, որը ներառում է վարակների վերահսկում, կանխարգելում և պատշաճ արձագանք մարդկանց, կենդանիների ու բույսերի համար վտանգավոր բռնկումներին։ Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության խնդրին, որը ներկայումս գլոբալ մարտահրավեր է։ Կառավարությունը նախատեսում է քայլեր՝ այս վտանգի հետևանքները մեղմելու և տարածումը կանխարգելելու համար։ Բացի այդ, կբարելավվի մասնագիտական ներուժի պատրաստվածությունը, տեղեկատվության փոխանցման համակարգերը, բնակչության ներգրավվածությունը, սահմանային վերահսկողությունը, ինչպես նաև քիմիական ու ճառագայթային միջադեպերին արձագանքելու կարողությունները։