Հայտարարություն Սիրելի հայրենակիցներ, Օրերս Գագիկ Ծառուկյանը հանրությանը ներկայացրեց «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության նախաբանը։ Սա մեր քաղաքական կյանքի շրջադարձային դրվագ է․ առաջին անգամ ձևավորվող լայն քաղաքական և հասարակական համախմբումը կառուցվում է ոչ թե պաշտոնների ու կադրերի, այլ գաղափարի ու ծրագրի շուրջ։ Այս նոր մոտեցումը կարող է դառնալ ազգային քաղաքական մշակույթի կարևոր շրջադարձ։ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները չափազանց խորն են, որպեսզի դրանց դիմակայենք միայն իշխանություն–ընդդիմություն հակադրության տրամաբանությամբ։ Մեզ անհրաժեշտ է այլընտրանք՝ ● այլընտրանք պառակտմանը, որը տասնամյակներով թուլացրել է մեր պետականությունը, ● այլընտրանք սխալ օրենքներին ու որոշումներին, որոնք թունավորում են հասարակական միջավայրը, ● այլընտրանք խաղաղության այն մոդելին, որն անպատասխանատու որոշումների ու միակողմանի զիջումների տրամաբանության դաշտում է, ● և վերջապես՝ այլընտրանք անվտանգային այն քաղաքականությանը, որը թողել է Հայաստանը առանց հուսալի դաշնակիցների։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի միջոցով փորձ է արվում ձևավորել ազգային օրակարգ, որն ուղղված է ոչ թե առկա խնդիրները կարկատելուն, այլ դրանց խորքային լուծումներին։ Սա առաջարկ է հասարակությանը՝ մասնակցել ոչ միայն ծրագրի քննարկմանը, այլև իրական համատեղ աշխատանքին։ Որպես «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար՝ ես ողջունում եմ այս նախաձեռնությունը և հայտարարում մեր մասնակցության պատրաստակամությունը։ Մենք կարևորում ենք, որ թիմի ձևավորումը հիմնված լինի արժանավորության(մերիտոկրատիա), մասնագիտական կարողությունների և գաղափարական համոզվածության վրա։ Միայն այս կերպ կարող է ստեղծվել ոչ թե ձևական, այլ իրական այլընտրանք։ Այսօր Հայաստանին պետք է ընտրություն՝ ● ոչ թե հին սխալների և նոր վտանգների միջև, ● այլ հստակ ձևակերպված և կենսունակ այլընտրանքի օգտին։ Հարգանքով՝ Սուրեն Սուրենյանց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ