Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ձեռնամուխ են եղել անվտանգության ապահովմանը նոր ճանապարհի կառուցման ժամանակ, որը կանցնի կողմերի սահմանազատման գծի երկայնքով Խրամորթ գյուղից մինչեւ Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ «Ներկայումս իրականացվում են Խրամորթ գյուղում մանրախիճի արդյունահանման անվտանգության ապահովման միջոցառումները։ Աշխատանքներն իրականացվում են շփման գծի երկայնքով, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը», — ասել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը։ Ճանապարհաշինարարները ձեռնամուխ են եղել մանրախիճի արդյունահանման աշխատանքներին, որը հիմք կհանդիսանա Ասկերանի շրջանի սահմանազատման գծի մոտակայքում նոր ճանապարհի համար: «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ միասին աշխատանքներ ենք սկսում Խրամորթ գյուղից մինչեւ Ասկերան, որպեսզի բարելավենք ճանապարհը ռուսական խաղաղապահ ուժերի պարեկության համար, քանի որ գյուղը գտնվում է շփման գծում», — հայտնել է շինարարական ընկերության տնօրեն Նարեկ Հակոբյանը: Այս ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին, այնպես էլ խաղաղապահներին բնակավայրերի միջեւ ավելի անվտանգ տեղաշարժի համար՝ պարեկության նոր երթուղի ստեղծելու համար։ Ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ այս տարվա վերջ։ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: