15.07.2025
Հայաստանում սուր է դրված միջընտրազանգվածային երկխոսություն հաստատելու հարցը. Հովհաննիսյան
24.12.2021
Հայաստանում սուր է դրված միջընտրազանգվածային երկխոսություն հաստատելու հարցը. Հովհաննիսյան

Մեր ընդդիմադիր միտքը գերի է ընդդիմադիր ձևաչափերի, որը զուրկ է կոնսոլիդացնող ռեսուրսից:  Ընդդիմությունը չի կարողանում լուծել ամենակարևորը՝ գնալ կոնսոլիդացիայի: Այս մասին «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հրավիրած «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» քննարկմանը հայտարարեց  «Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավար Վահե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այսօրվա խորհրդարանական խմբակցությունները կորցրել են կապը ոչ միայն լայն հասարակության շրջանակների հետ, այլև հենց իրենց ձայն տված հատվածի հետ: Եվ սա է ամենալուրջ խնդիրը: Ի՞նչ պետք է անել: Նախ, ասաց նա, կա սուր խնդիր՝ հաստատել միջընտրազանգվածային երկխոսություն: Հունիսի 20-ից հետո, ասաց Հովհաննիսյանը, ընտրությունների արդյունքները փոփոխվել են, թեև պարզ չի, չկա հարցում, թե ինչպես է փոփոխվել. "Այն ուժերը, լիդերները, որոնք կկարողանան ձևավորել այդ միջընտրազանգվածային երկխոսությունը, նրանք էլ հաջողելու են ու նրանք էլ լինելու են հաջորդ իշխանությունը",- ասաց նա: Բանախոսի կարծիքով պետք է գտնել մի գաղափար, որը բոլորի համար կարևոր է: Իր կարծիքով դա մեկն է՝ արժանապատվությունը: "Եթե ես լինեի լիդերը, իմ կարգախոսը հենց արժանապատվության գաղափարի շուրջ կկառուցեի: Ի վերջո, ունենք այսպիսի ստորացում արտաքին աշխարհի կողմից, և պետք է արթնանանք արժանապատվության գաղափարով: Բարդ գաղափարներ պետք չէ",- ասաց Վահե Հովհաննիսյանը: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանում այսօր առկա է առնվազն երկու նոր քաղաքական ուժի անհրաժեշտություն: Ինչպես նաև, շեշտեց Հովհաննիսյանը, Հայաստանում պետք է փոխվի իշխանություն՝ սա միանշանակ է: