Հայաստանում ապօրինի ձեռք բերված գույքի դեմ պայքարի պատմության մեջ նոր էջ է բացվել։ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող Range Rover Sport Supercharged 5.0-ն պետությանը վերադարձնելու երկար ընթացակարգից հետո վերջապես դրվել է աճուրդի։ Այս դեպքը հատուկ ուշադրության է արժանացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցիալական ցանցերում արված անձնական մեկնաբանությունից հետո։ Ինչպես պարզել է ArmLur.am-ը, ավտոմեքենան պատկանել է Արմեն Հարությունյանին, ով ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։ Գույքի վերադարձի պատմությունը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերին, երբ Գլխավոր դատախազություն է ստացվել Հարությունյանի և նրան փոխկապակցված անձանց դիմումը՝ հայցապահանջն ընդունելու և գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ։ Համաձայնագրի շրջանակներում նախկին պաշտոնյան և նրան փոխկապակցված անձինք պատրաստակամություն են հայտնել պետությանը փոխանցել շարժական և անշարժ գույք՝ ընդհանուր 16,4 միլիոն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև լրացուցիչ վճարել 28,7 միլիոն դրամ։ Ավտոմեքենան պետգույքի կառավարմանն է փոխանցվել 2023 թվականի դեկտեմբերին։ Իրավիճակը մեկնաբանելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»։