ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են ՔԿ–ից։ Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային իրավական համագործակցության շրջանակներում: Կողմերն արձանագրել են, որ իրավական փոխօգնության հարցումները կատարվում են սեղմ ժամկետներում, ինչը խոսում է համագործակցության արդյունավետության և փոխադարձ վստահության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման, փորձի փոխանակման, իրավական խորհրդատվության և վերապատրաստումների հնարավորությունները՝ հատկապես փողերի լվացման, բանկային խարդախությունների և կիբեռանվտանգության ոլորտում: