ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներից էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային մանդատի կարևորության շեշտադրումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, եթե արձանագրենք, որ Ռուսաստան կատարած այցին նախորդող օրերին Հայաստան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները, ապա կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման վերաբերյալ գնահատականները անհիմն են: «Մենք հստակ տեսնում ենք, որ բոլոր համանախագահ երկրները հավատարիմ են մնում ԼՂ հակամարտությունը լուծելու իրենց մանդատին՝ չնայած այն հանգամանքին, որ ուկրաինական իրադարձությունները դժվարություններ են ստեղծել համանախագահների համատեղ աշխատանքի համար»,- ասաց Փաշինյանը։ Այնուամենայնիվ, վարչապետը շարունակեց, որ լավատեսության շոշափելի հիմքեր է տալիս գոնե այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները աշխատում են, այցելություններ են կատարում տարածաշրջան և քաղաքական մակարդակով ամրագրում են իրենց պարտավորությունները՝ նպաստելու ղարաբաղյան կարգավորմանը։