Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Առանց դրա նրանք դատապարտված են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։"Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։ Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը",- գրել է Բաբայանը։