Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ գործող կարգավորումներում առկա են մի շարք ձեւակերպումներ, որոնք խոչընդոտում են գործընթացներին: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 25-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվել է նաեւ, որ ինքնակարգավորվող կազմակերպությունները պետք է ներկայացնեն գործողությունների ծրագիր՝ տարեկան ապահովելով մոտավորապես 80 տոկոս կատարողական: Ըստ Սուրեն Թովմասյանի՝ այն դառնալու է պարտադիր պահանջ Կադաստրի կոմիտեում ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար: Հիմնական զեկուցողի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ներկայացվել են որոշ դիտարկումներ, որոնց վերաբերյալ իրականացվել են բովանդակային երեք փոփոխություններ: Նախագիծը լրացվել է նոր հոդվածով, ըստ որի՝ անձին որպես գնահատող հաշվառելու կապակցությամբ նախատեսվել է բացառություն այն դեպքերի համար, երբ լիազոր մարմնում սահմանված կարգով որեւէ ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ: Լրացվել են օրենքում բացակայող գնահատողների՝ ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից ամենամյա հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ իրավադրույթները. մասնավորապես՝ ամենամյա հաշվետվությունների հասկացությունը, ներառման ենթակա տվյալները, ներկայացման ժամկետները: Սուրեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության, ոլորտի կայացման եւ զարգացման վերաբերյալ: Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: