Հայաստանը ԵԱՀԿ Մշտական խորհրդում մատնացույց է արել ագրեսորին՝ Ադրբեջանին
Նոյեմբերի 18-ին, Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների զեկույցին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Դեսպան Պապիկյանը, ողջունելով հյուրերին, վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափի: Առավելապես կարևորվեց ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի և տարածաշրջան այցերի վերականգնումը:
Դեսպանն այլ հարցերի շարքում նշել է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները և դրանց հաճախականությունը գնալով ավելանում են՝ խոչընդոտելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը:
Նաև հիշեցրել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործությունների մասին։
Դեսպան Պապիկյանը նկատել է, որ Ադրբեջանի նման ագրեսիվ քաղաքականության հանդեպ միջազգային հանրության կրավորական կեցվածքով է նաև պայմանավորված նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը, որի արդյունքում կան զոհեր, անհետ կորածներ և գերեվարվածներ։
Դեսպանն ավելացրել է, որ ցավոք սրտի, ուժի կիրառման և դրա սպառնալիքի նման բացահայտ դրսևորումը դառնում է Ադրբեջանի վարած քաղաքականության հիմնական հատկանիշներից մեկը, և պետք է կասկած չթողնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ-ի և նրա մասնակից պետությունների մոտ, ով է հանդիսանում ագրեսորը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը։