25.11.2024
Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել ՀՀ ներմուծել հագուստ և կոշիկ. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Լիտվայի Սեյմասի փոխնախագահը տպավորված է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Լիտվայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և ուրախությամբ նշել, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով: Այս առումով, կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ փոխայցելությունների շարունակական բնույթը և նշել, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հատկապես առևտրատնտեսական կապերի ամրապնդման և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը կարևորել է Երևանի և Վիլնյուսի միջև առաջիկայում նախատեսվող ավիաչվերթերի կազմակերպումը, ինչը նոր թափ կհաղորդի զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմանը:


Ըստ աղբյուրի՝ Անդրիուս Մազուրոնիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ Լիտվան նույնպես առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ տպավորված է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներով և ընդգծել, որ իր երկիրը պատրաստ է ունեցած փորձով նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից նախատեսվող ծրագրերի միջոցով:


Երկկողմ փոխգործակցությունն ամրապնդելու առումով վերջինս կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ այս այցը նույնպես լավագույնս կծառայի այդ նպատակին:


ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: