Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ
2022 թվականին Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը կանցկացվի թավջութակ մասնագիտությամբ։ Հայտերի ընդունման գործընթացն արդեն մեկնարկել է։ Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022թ. մայիսի տասն է։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 16-
ից 35 տարեկան թավջութակահարներ։ Մրցույթի մանրամասներին և դիմելու կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://khachaturian-competition.com/en։
Ամեն տարի Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Երաժշտական ստուգատեսն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ և երրորդ փուլերում մասնակիցների կողմից պարտադիր կատարման ծրագրերում ներառված են Խաչատրյանի ստեղծագործությունները։ Ի դեպ, ինքը՝ Խաչատրյանը, նույնպես թավջութակահար էր և այս գործիքի համար գրել է մի քանի
ստեղծագործություն։
Խաչատրյանական մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։ Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։