Իրաքյան խմբավորումների մարտավարությունը կրկնում է «Թալիբանի» գործելաոճը. արևելագետ
Իրաքում տարաբնույթ՝ հատկապես իրանամետ խմբավորումները, ոգևորվելով Աֆղանստանում «Թալիբան» շարժման մարտավարական հաջողություններից, վերջին շրջանում նպատակային գործողություններ են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով այդ երկրում դեռևս գործող ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիոն զորախմբի դեմ։
Արևելագետ Արմեն Պետրոսյանը գրում է, որ իրաքյան խմբավորումների մարտավարությունը գրեթե նույնությամբ կրկնում է «Թալիբանի» գործելաոճը՝ անընդհատ գրոհներով, կորուստներ պատճառելով հարկադրել ԱՄՆ-ի իշխանություններին՝ ընդունել նաև Իրաքից զորքերը դուրս բերելու որոշում։
«Այս համատեքստում վերջին օրերին առավել հաճախակի են թիրախավորվում ոչ մի այն Իրաքում ամերիկյան գլխավոր հենակետ հանդիսացող կենտրոնական ալ-Անբար նահանգում տեղակայված «Այն ալ-Ասադ» ռազմաբազան, այլև երկրի տարածքում ամերիկյան առավել մանր հենակետերը։
Կհաջողեն իրաքյան խմբավորումները, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Եվ, բացի այդ, Իրաքում, ի տարբերություն Աֆղանստանի, Վաշինգտոնի գլխավոր ներիրաքյան դաշնակիցը՝ գործող կառավարությունը, շատ ավելի ազդեցիկ է և հիմնականում վերահսկում է իրավիճակը երկրի ամբողջ տարածքում»,- գրել է Պետրոսյանը։