Սամվել Բաբայանը իշխանափոխության հիմք է դնում Ղարաբաղում
Ըստ օրենսդրության՝ ես իրավունք չունեմ լինել ոչ նախագահի թեկնածու, ոչ էլ պատգամավոր, իսկ որպես անձ որևէ մեկին աջակցելն իմ իրավունքն է։ Այս մասին Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը: Իրեն դիմավորած եկած արցախցիներին նա հայտնել է, որ երկար ժամանակ բացակայել է, քանի որ չէր ցանկանում, որ իր մուտքը Ղարաբաղ փորձեին որպես առիթ օգտագործել, ասել, թե խանգարում է իրենց իշխանությանը, ու եկել է ինչ–որ հարցեր լուծելու Բայց հասկանալով վերջին իրադարձությունները, շարունակել է Բաբայանը, ինքը պարտավոր էր գալ ու լինել ժողովրդի կողքին, քանի որ իր համար « գլխավորը մեր ժողովուրդն է»։
«Ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում։ Ես ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ ձեր անվտանգությունը լինի բարձր, ապահովված։ Ինչ մնում է իշխանություններին կամ ինչ–որ քաղաքական խնդիրներին, ես խնդրում եմ իմ խոսքերն ուղիղ ընդունել։ Ոչ թե ենթատեքստ փնտրել, փորձել ձևակերպումներ տալ, թե իմ գալով քաղաքական ինչ–որ խնդիրներ եմ լուծում։ Ես քաղաքական խաղերին մասնակից չե՛մ ո՛չ այստեղ, ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում, ոնց որ ներկայացնում են հայկական մամուլով։ Դրանք ուղղակի մարդիկ են, ովքեր փորձում են վարկաբեկել, իրենց շարքերին դասել։ Եթե ես իրենց շարքերը մտնող լինեի, իրենց հետ կլինեի վաղուց, կընդունեի իրենց կրոնն ու իրենց հետ կմնայի։ Ես դա չեմ արել, չեմ անում, չեմ անելու։ Բայց, միևնույն ժամանակ, ես պարզ բացատրել եմ, որ «հոր բոխչան» չի՝ ինչ ուզեն, այն էլ անեն։ Այս ժողովրդի անվտանգությունը պետք է ապահո՛վ լինի։ Ղարաբաղը Հայոց պետականության կենտրոնն է այսօր, որովհետև ռազմական գծի առաջին հարվածը ստանողն է լինելու, ու ամբողջ հայ ազգը նայում է ուղիղ Ղարաբաղին, և ուզենք թե ոչ, մենք պարտավոր ենք այդ նամուսը, թասիբը պահենք»,-ասել է Բաբայանը։
Անդրադառնալով իր անձի շուրջ տարիներ շարունակ բարձրաձայնվող խոսակցություններին, նա ասել է, որ « մորից չի ծնվել մեկը, որ ինձ կարողանա ասել՝ աչքիդ վերևն ունք կա» ու հորդորել մոռանալ այդ ասեկոսեները, քանզի եկել է լինի ժողովրդի կողքին, որովհետև ժողովուրդն է իշխանությունը.
«Իմացեք, որ ըստ օրենսդրության՝ ես իրավունք չունեմ լինել ոչ նախագահի թեկնածու, ոչ էլ պատգամավոր, հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ քաղաքականությունից են խոսում։ Իսկ որպես անձ որևէ մեկին աջակցելն իմ իրավունքն է։Մենք պետք է կարողանանք առաջին հերթին մեր պաշտպանությունն ապահովել, հզոր պաշտպանություն ունենանք, որ կորուստներ չտանք։ Կարելի է ամեն տարբերակում հաղթել, բայց ոչ թե մեծ զոհաբերությամբ։ Պետք է ունենանք հզոր պաշտպանություն, որ թույլ չտանք՝ սկսեն պատերազմ։ Կարո՞ղ ենք դրան հասնել. ես վստահ եմ, որ այո՛։ Մնում է, որ ժողովուրդը մի մարդու պես կարողանա պաշտպանել իր շահերը, և ձեր իշխանություններին դուք ձեր ձեռքով ստիպեք կատարել այդ քայլերը։ Չվախենալո՛վ։ Իրենք ձեզանից են վախենում։ Դուք ումի՞ց եք վախենում, չեմ հասկանում։ Իրենք ձեզանով են իշխանություն. եթե դուք չկաք, ո՞ւմ վրա են իշխանություն»,- ասել է Սամվել Բաբայանը։
Նաև հորդորել է չվախենալ իշխանություններից, թե նրանք աշխատանքից կազատեն, քանի որ «լավ է՝ գործից ազատվեք, քան տուն–տեղ կորցրած՝ փախստական դառնաք»։ «Ես այսօր ասում եմ ձեզ՝ մենք պարտավոր ենք ամեն գնով արագ կերպով պաշտպանություն ստեղծենք։ Եթե մեր ռազմական գերատեսչությունը վստահ է, որ իրենն ունի, խնդրեմ, թող հրավիրեն, հանդիպենք, քննարկենք, ու ես ապացուցեմ, որ դա չկա։ Ուղղակի իմ խնդրանքն է, որ ինքներդ կարողանաք սթափ դատել ցանկացած խոսակցություն, ու ինձ ճանաչելով՝ այդ ասեկոսեների ազդեցության տակ չընկնեք ու չմտածեք, թե կարո՞ղ է՝ ես դավաճանել եմ, ռուսական լրտես են արդեն սարքում, հետո ասում են՝ երևի իշխանությունների հետ համագործակցում է։ Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, իրավունք չունեն նման բան մտածել։ Ես դա թույլ չեմ տվել, չեմ արել մի քայլ, որը ձեր շահերի դեմ է եղել»։
Բաբայանը նաև ասել է, թե 2000 թվականից կարող էր ուժով պահել իշխանությունը, բայց չի արել ու հեռացել է գիտակցաբար:
«Ես խնդրում եմ, որ դուք միահամուռ լինեք, համախմբված։ Ես 1992թ. մի թևավոր խոսք եմ ասել՝ եթե ամբողջ աշխարհը մեր դեմ լինի, բայց մենք բոլորս հաղթանակ ուզենանք, մենք դա անպայման ունենալու ենք։ Ես ձեր կողքին եմ ամեն րոպե։ Ես տողատակով չեմ արտահայտվում. ասում եմ ուղիղ, պարզ»,- հավելել է իր խոսքը Բաբայանը:
Հանրահավաքից հետո հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրաժարվել է ընդունել Սամվել Բաբայանին: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ստեղծվել է նախաձեռնող խումբ` Սամվել Բաբայանին Արցախի Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու պահանջով: Այսօրվանից սկսվում են կազմակերպչական աշխատանքներն այս հարցով մեծ հավաք կազմակերպելու ուղղությամբ: