Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ի միջև անցկացվեցին քաղաքական խորհրդատվություններ
Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանի և Մարատ Սիզդիկովի միջև անցկացվեցին քաղաքական խորհրդատվություններ:
Տեսակապի ընթացքում մանրամասն քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող արդիական հարցեր: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին համակարգել ջանքերը միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ:
Նախարարների տեղակալները հանգամանալից կերպով մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում դիտարկվող բազմաթիվ հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց նշված կառույցների արդյունավետության բարձրացմանը նպաստելու պատրաստակամությունը:
Խորհրդատվությունները հաստատեցին սերտ երկխոսությունը շարունակելու փոխադարձ շահագրգռվածությունը: