24.11.2024
Կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցեց 15 հազարը. մեր օրում՝ 612 նոր դեպք
prev Նախորդ նորություն

Մեր դաշնակցային հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ. Փաշինյանը՝ Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:


ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ:


Այս տոնն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքական, սոցիալ-տնտեսական նվաճումների, միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդման հետ:


Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ամրապնդվում և ընդլայնվում է համագործակցությունը հայ-ռուսական փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում:


Բարեկամության և վստահության դարավոր պատմությունը, մեր ժողովուրդների ամուր եղբայրական կապերը կառուցողական համագործակցության և փոխադարձ աջակցության ամուր հիմք են ոչ միայն երկկողմանի մակարդակում, այլև՝ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:


Անկեղծորեն հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր երկրները կկարողանան հաղթահարել աննախադեպ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ կապված ժամանակավոր դժվարությունները, և մենք կկարողանանք վերականգնել ավանդական սերտ շփումները:


Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:


Վարչապետ Փաշինյանի՝ ՌԴ կառավարության ղեկավարին ուղղված ուղերձում նշված է.


«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,


Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ:


Այս տոնական օրն արտացոլում է Ռուսաստանի պետականության հազարամյա պատմությունը, երկրի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգությունը, հետևողական ստեղծագործական աշխատանքը՝ ուղղված երկրի զարգացմանը և բարգավաճմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում նրա դերի ամրապնդմանը:


Մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն արտացոլված են միջազգային հարթակներում և, հատկապես, Եվրասիական տնտեսական միության շրջանակում կառուցողական և փոխշահավետ ռազմավարական գործընկերության մեջ:


Գոհունակությամբ կարելի է արձանագրել մեր երկրների միջև հետևողականորեն ամրապնդվող փոխգործակցությունը՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում:


Հուսով եմ, որ մոտ ժամանակներս աշխարհում համաճարակաբանական իրավիճակը կկարգավորվի, ինչը թույլ կտա մեզ լիարժեք վերսկսել սերտ կապերը` նոր գաղափարների և նախաձեռնությունների իրականացման նպատակով:


Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, քաջառողջություն, բարգավաճում և հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»: