24.11.2024
Մեկնարկեց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը (լուսանկարներ)
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում ավելի քան 2000 ՀՀ քաղաքացի սպասում է Հայաստան մեկնելու իր հերթին. դեսպան

Այս ամիս կազմակերպվեց 7 չարտերային չվերթ՝ ապահովելով մոտ 1500 քաղաքացու վերադարձը Հայաստան։ Այդուհանդերձ, ավելի քան 2 հազար ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված և ազգականների/հարազատների մոտ կամ դեսպանության կողմից տրամադրված կացարաններում սպասում է մեկնելու իր հերթին՝ դրսևորելով համբերություն, քաղաքացիական տոկունություն և հավասարակշռվածություն։ Այս մասին ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ուղերձում:


Նա իր խորին երախտագիտությունն է հայտնել ինչպես Ռուսաստանի հայրենակիցներին, բարերարներին, ովքեր աջակցեցին դեպի Հայաստան չվերթների անվճար կազմակերպմանը, այնպես էլ հասարակական կազմակերպություններին և առանձին անհատներին, ովքեր օրուգիշեր դեսպանության հետ միասին գտնվեցին քաղաքացիների կողքին։


«Ցավոք, պետք է արձանագրել նաև այն, որ մի շարք մեր հայրենակիցներ, անտեսելով ստեղծված բարդ իրավիճակը, փորձում են իրենց հուզող խնդիրները ներկայացնել որպես առաջին օգնության հրատապ ազդանշան, իսկ կացության խնդիր ունենալու հանգամանքը՝ դարձնել Հայաստան մեկնելու վերջնագիր ու ճնշման մեթոդ։


Վստահեցնում եմ, որ ՀՀ Պարետատան, ԱԳՆ-ի և մեր անմիջական ուշադրության կենտրոնում շարունակում է գտնվել մեր քաղաքացիների վերադարձի ապահովման հարցը։ Բայցև, պետք է նկատի ունենալ, որ այն կապված է մի շարք խնդիրների հետ՝ պայմանավորված աշխարհում կորոնավիրուսի տարածման և մեր երկրում Ձեր իսկ ընդունման հնարավորությունների հետ։


Թախանձագին խնդրում եմ մինչև հատուկ կարանտինային ռեժիմի ավարտը զերծ մնալ հասարակական վայրերում, մասնավորապես՝ օդանավակայանում հավաքվելու միտումից, քանի որ դա խախտում է ՌԴ գործող օրենսդրությունը, ներկայումս սահմանված կարգը և կարող է դառնալ լուրջ իրավախախտումների պատճառ, այդ թվում՝ քրեական։


Ամենայն պատասխանատվությամբ կրկին հավաստիացնում եմ, որ մինչև հայրենիք մեկնելը ՀՀ որևէ քաղաքացի չի մնա անօթևան Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- նշել է դեսպան Տողանյանը։