Վրաց-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած կրակոցից հովիվ է վիրավորվել
Վրաստանի ու Ադրբեջանի համար վիճելի համարվող Դավիթ Գարեջիի հարակից տարածքում օրեր առաջ միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանցի սահմանապահը կրակել է Վրաստանի քաղաքացու վրա: Այս մասին հայտնում է aliq.ge-ն՝ հղում անելով «Մթավարի» հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերությունը մի քանի վարկած է տարածում: Դրանցից մեկի համաձայն, հովիվը հոտը տարել է չեզոք տարածք, այդ ժամանակ սահմանապահները կրակ են բացել: Երկրորդ վարկածի համաձայն` սահմանապահները թիրախավորել են շանը, սակայն փամփուշտը հովվին է դիպչել:
Դավիթ Գարեջիի վանական համալիրի հոգևոր առաջնորդ Իլարիոն վարդապետն էլ ասում է, որ վրաց-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի, վանքի մոտակայքում չի եղել: «Եթե այստեղ ինչ-որ բան պատահեր, առաջինը մենք կասեինք. թաքցնելու ոչինչ չկա», - ասել է Իլարիոն վարդապետը:
Տեղեկատվության համաձայն, վիրավորված քաղաքացին բուժվում է Գյանջայի հիվանդանոցում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել սահմանի մոտ, որի հետևանքով Վրաստանի քաղաքացի է վիրավորվել, թեև չեն մանրամասնում, թե սահմանի որ մասում է տեղի ունեցել այն և չեն խոսում ադրբեջանցի սահմանապահների ներգրավվածության մասին: Նաև պարզ չէ, թե որ հոդվածի հատկանիշներով է ընթանում հետաքննությունը:
«Վրաստան - Ադրբեջան սահմանի հարակից տարածքում դեկտեմբերի 6֊ին տեղի ունեցած միջադեպի պատճառով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի, որը բուժվելու նպատակով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Նրան տեսակցել են ՆԳՆ և Ադրբեջանում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչները: Ադրբեջանական կողմի տեղեկատվությամբ, վիրավորվածի առողջական վիճակը բավարար է: Ընթանում է հետաքննություն: Վրաց և ադրբեջանցի իրավապահներն ակտիվորեն համագործակցում են»,- «Նեթգազեթի» պարբերականին տեղեկացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:
Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել էր հատկապես այս տարվա գարնանը, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Դավիթ Գարեջիի անապատի վանքը։