Տխրահռչակ, ինքնահռչակ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի միակ ճգնաժամն է։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հնչեցրել է, որ ՍԴ-ի խնդիրն ունի քաղաքական բնույթ: Այս մասին ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով, այն երկիրը, որի Սահմանադրական դատարանը ձեւավորվում եւ պահպանվում է քաղաքական շարժառիթներով, ոչ ներկա ունի, ոչ էլ ապագա։
Պետրոսյանը մատնանշեց, որ այդ փոփոխությունների կյանքի կոչմանը լծվել է ամբողջ պետական մեքենան, ՍԴ-ի կազմը որակվում է որպես անվստահելի, և որևէ կամավորի մասին խոսք չկա.
«Եթե կամավոր է, ապա թողեք այդ մարդիկ ընտրեն։ Ե՞րբ է իրավունքը պարտադրվել մարդկանց, որ այսսօր պարտադրվի»,- ասաց պատգամավորը։
«Պետական մարմնի նկատմամբ վրեժխնդիր եք լինում անձանցից։ Ինչո՞ւ են թիրախ ընտրվել հենց 2018 թվականից ընտրվածները, որովհետեւ 2018 թվականից էս կողմ ընտրվածներն իշխող քաղաքական մեծամասնության թեկնածուներն են եղել»,- շեշտեց նա։
Պետրոսյանը նաև դիմեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, թե՝ արդյոք հարկատուները համաձայն են ներկայացված օրինագծին ու դրանով բերվող փոփոխություններին.
«Հարկատուներին հարցրե՞լ եք, իրենք համաձա՞յն են, որ չաշխատող դատավորին ամիսը 800 հազար դրամ ամիսը աշխատավարձ տան։ Տխրահռչակ, ինքնահռչակ Վահե Գրիգորյանը ՍԴ-ի միակ ճգնաժամն է»,- հավելեց նա։
Հիշեցնենք, արդարադատության նախարարությունը ներկայացել է ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրինագիծը, համաձայն որի, եթե մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը ՍԴ անդամները ինքնակամ հրաժարական ներկայացնեն, ապա մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան կհատկացվի կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: