Ողբերգական վթար Շուշիի մոտակայքում․ 5 հոգի մահացել է
Քիչ առաջ ողբերգական վթար է տեղի ունեցել Գորիս-Արցախ ավտոճանապարհին. Շուշիի մոտակայքում Վազ 3110 մակնիշի մեքենան գլորվել է ձորը, որի հետեւանքով 5 հոգի մահացել է:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: Տեղեկությունը հաստատում է նաեւ ՀՀ ԱԻՆ-ը։
«Հուլիսի 26-ին, ժամը 16:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ Արցախի հանրապետության Շուշի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
«ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը:
Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները՝ վարորդը և ուղևորները՝ Ն.Գ.-ն (ծնված 1994 թ.), Ռ.Ա.-ն (ծնված 1982 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1961 թ.), Ա.Ա.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են:
Դեպքի վայրում աշխատում է չորս մարտական հաշվարկ», - ասված է հաղորդագրության մեջ:
Այնուհետեւ հայտնի է դարձել, որ ողբերգական վթարից մահացածները ընտանիքի անդամներ էին, Սյունքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: «Ծնողները, երկու տղաները հարսի հետ գնացել էին Արցախ՝ հուղարկավորության մասնակցելու, ճանապարհին վթարի են ենթարկվել»,- ասաց համայանքի ղեկավար՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում: