26.11.2024
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան
prev Նախորդ նորություն

Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով քրգործը կարճվել է

ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին հաստատում են Դատախազության հանրային կապերի բաժնից։


Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։


Հիշեցնենք, ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևան քաղաքում, որի ենթադրյալ մասնակիցները ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան էին: Տուժողը ոստիկաններին հայտնել էր, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, ով այդ ամենին ականատես է եղել:


Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Հարուցված քրեական գործով Լեւոն Երանոսյանը հարցաքննվել էր վկայի կարգավիճակով, իսկ նրա որդուն եւ փեսային մեղադրանք էր առաջադրվել ծեծի հոդվածով։  


Լեւոն Երանոսյանը ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի` 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ նա դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։


Այդ գործով Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: