2017 թվականի ընտրությունների համեմատ՝ մինչեւ այս ժամը ընտրողների մասնակցությունը բավականին ցածր է։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
2018 արտահերթ խորհրդարանական ընտրություն, ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 201 250 ընտրող կամ ընտրողների 7.76%-ը: 2017թ. ԱԺ ընտրությունների քվեարկությանը՝ ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 344714 ընտրող կամ ընտրողների 13.32%-ը:
Փաշինյանը սա մեկնաբանեց այն հանգամանքով, որ այս տարի նախորդ ընտրությունների պես մարդկանց գազելներով չեն բերում ընտրատեղամասեր․ «Նախորդ ընտրություններում վաղ առավոտից գազելներն ու ավտոբուսները հանվում էին իրենց սովորական գծերից եւ մարդկանց ցուցակներով տանում էին ընտրական տեղամասեր։ Իհարկե հիմա նման մեխանիզմ չի կիրառվում եւ չի կարող կիրառվել։ Ես հույս ունեմ, որ կիրակի է եւ մարդիկ իրենց կիրակնօրյա ռեժիմով կարթնանան, սուրճ կխմեն եւ կգնան ընտրատեղամասեր, բայց հարկ համարեցի քվեարկությանը մասնակցելու կարեւորությունը մի անգամ էլ ընդգծել»,-ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ հույս ունի՝ ՀՀ-ում գտնվող, ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր ու կկատարեն իրենց ընտրությունը՝ իրենց նպաստը բերելով ՀՀ-ում ժողովրդավարական, ազատ, արդար ընտրությունների կայացման գործում․
«Եւ կարող եք չկասկածել, որ ընտրությունների արդյունքները ձեւավորվելու են բացառապես ձեր կատարած քվեարկության հիման վրա եւ ձեր որեւէ ձայն չի փոշիանալու, եւ եթե այդպիսի փորձ կլինի, կարժանանա խստագույն արձագանքի»,- հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով մինչեւ ընտրատեղամասների փակվելը՝ 20։00-ն, անպայման գնալ ընտրության։
Այս հարցում տրամագծորեն այլ կարծիքի է ՀՀԿ-ն: Անդրադառնալով մասնակցության ցածր ցուցանիշին՝ ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ այս ընտրությունը չի արտացոլում երկրում առկա իրական իրավիճակը, սա պարտադրված ընտրություն է, և շատերն արդեն իրենց հիասթափությունն արտահայտել են:
Պատգամավորության թեկնածուն քվեարկության արդյունքների մասին կանխատեսումն չի արել, բայց վստահ է, որ որպես իշխանություն՝ ունենալու ենք Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմը, իսկ իշխանությանը միակ իրական ընդդիմադիր ուժը պետք է լինի ՀՀԿ-ն: