Հայկական ժամանակակից Սփյուռքի մասին տեղեկությունը շատ չէ: Առկա է անրաժեշտություն այն ավելի խորը ուսումնասիրելու համար: Գյուլպենկյան հիմնադրամը հանդես է եկել Հայկական Սփյուռքի հետազոտություն նախաձեռնությամբ, որի մասին պատմել է նախաձեռնության անդամ, սփյուռքագետ Վահե Սահակյանի հետ, հատնում է «Ամերիկայի Ձայնը»:
Միացյալ Նահանգներում վերջերս մեկնարկեց հայկական Սփյուռքի վերաբերյալ գլոբալ մի հետազոտություն: Այն ընդգրկում է աշխարհի տարբեր մասերում ապրող սփյուռքահայությանը: Գյուլպենկյան հիմնադրամի հայկական ծրագրերի ղեկավար Ռազմիկ Փանոսյանի այս նախաձեռնությանը շուտով միացան շատ այլ նշանավոր դեմքեր գիտության ասպարեզում: Ծրագրի ղեկավարությունը ստանձնեց Լոնդոնից հայագետ պրոֆեսոր Սյուզան Փաթին:
Հետազոտությունը միտված է բացահայտելու ժամանակակից հայկական Սփյուռքը: Նախաձեռնության անդամ, սփյուռքագետ Վահե Սահակյանն ընդգծում է այս ձեռնարկի կարևորությունը:
«Իրականում ունենք բազմաթիվ պատմական տվյալներ, օրինակ, Բոստոնի, Մարսելի, Կահիրեի նման ավանդական խոշոր հայ համայնքների մասին, սակայն ժամականակակից Սփյուռքի վերաբերյալ շատ քիչ տեղեկություն կա, թե ինչպես են մի քանի ինքնություններ կրող այդ մարդիկ ապրում իրենց երկրներում ու միաժամանակ մասնակցում սփյուռքյան տարբեր գործընթացներին»,- ասում է Սահակյանը:
Հետազոտությունը աննախադեպ է և փորձնական, աշխարհագրությունը՝ ընդարձակ: Փորձնական տարբերակն ընդգրկում է ամերիկյան երկու, եվրոպական և մերձավորարևելյան մեկական քաղաքներ, որտեղ առկա են խոշոր հայ համայնքներ:
«Սա առաջին մեծ նախաձեռնություն էր Հայոց Սփյուռքի ուսումնասիրության առումով, որը պետք է իրականացվեր 4 քաղաքներում՝ Բոստոն Արևելյան ափում և Փասադենա ԱՄՆ-ի արևմտյան ափում, Ֆրանսիայում՝ Մարսել քաղաքում և Մերձավոր Արևելքում՝ Կահիրե քաղաքում: Մայիս հունիս ամիսներին այս քաղաքներում իրականացրեցինք հետազոտությունները»,- ասում է Սահակյանը:
Հետազոտության առաջին փորձն իրականացվել է երեք մեթոդների կիրառմամբ, որի մասին մանրամասնում է Սահակյանը:
«Հիմնականում երեք մեթոդներով ենք իրականցրել այն: Մոտ 100 հարց պարունակող հարցաթերթիկ, արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Անցկացրեցինք նաև հարցազրույցներ, ինչպես նաև աուդեո-վիդեո տեղեկություն հավաքեցինք»,- նշում է Սահակյանը:
Հարցաշարում ընդգրկված հարցերի շարքը տարաբնույթ է՝ երեխաներին հայկական անուններ տալուց մինչև հայկական երաժշտության նախընտրության կամ քաղաքական կուսակցության պատկանելիության մասին հարցեր: Ուսումնասիրություն իրականացնող խումբը փորձել է հնարավորին չափ ընդգրկուն դարձնել հետազոտությունը՝ հետապնդելով հետագա ուսումնասիրության համար ճիշտ մեթոդաբանության բացահայտման և պատկերը կազմող տվյալների հավաքագրման զուգահեռ նպատակներ:
Սփյուռքագետ Սահակյանն ընդգծում է, որ հետազոտության առջև դրված խնդիրները չեն սահմանափակվել զուտ տվյալների հավաքագրմամբ, այլ ուղղված են եղել ավելի խորքային հարցերի քննարկմանը՝ կապված սփյուռքահայության բազմակի ինքնության և դրա դրսևորումների հետ:
«Հայկականության դրսևորումները բազմազան են տարբեր երկրներում, ուստի մեր խնդիրն էր ոչ թե մեկ տեսակ հայկականության ձևավորումը, այլ հայկական բազմազանությունների բացահայտումը: Արդյունքների մշակման փուլում ավելի ազատ կարող ենք ներկայացնել դրանք, որոնք դեռևս չենք բացահայտել»,- ասում է Սահակյանը:
Սփյուռքագետը հավելում է, հետազոտությունը միտված է լրացնելու հայկական ժամանակակից սփյուռքի վերաբերյալ տեղեկության պակասը ՝ ներդրում ունենալով ընդհանուր սփյուռքագիտության ուսումնասիրության ոլորտում: