Կարևոր է ԵԱՏՄ ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը. նախարար
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) շրջանակներում իրականացվող տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը՝ առանձնակի կարեւորելով ԵԱՏՄ ֆորումի անցկացումը Հայաստանում։
Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող գործընթացներում մեր երկրի մասնակցությանը՝ Կարինե Մինասյանը դրանցում առանձնացրել է երեք հիմնական նպատակ՝ նախ Հայաստանը ներկայացված լինի ԵԱՏՄ ծրագրերում, ապա ներգրավված լինի նախագծերում եւ, վերջապես, սեփական ծրագրերը ներկայացնի։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են այս երեք հայեցակարգերի հետ կապված մի շարք մանրամասներ, քննարկվել եւ ճշգրտվել են ԵԱՏՄ ծրագրերում մեր կազմակերպությունների մասնակցության հետ կապված հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ ծրագրերն ավելի խորությամբ ուսումնասիրելուց հետո առաջիկայում քննարկել դրանցում հայկական կազմակերպությունների ներգրավման հնարավոր տարբերակները։