ՌԴ-ն կասեցրել է Միքայել Հարությունյանի հետախուզումը
ՌԴ-ն կասեցրել է ԱՊՀ միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հետախուզումն իր տարածքում։
Այս մասին է գրում «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին։ Որոշումն ընդունվել է Մարտի 1-ի գործի նյութերը հետազոտելուց հետո։ Այս տեղեկատվությունը հաստատել է նաեւ ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանությունում նշում են, որ համապատասխան գրությունն արդեն ստացել են ռուս իրավապահներից։ Ոստիկանությունը, սակայն, չի մանրամասնում, թե ի՞նչ պատճառաբանությամբ է ռուսական կողմը նման որոշում կայացրել․ գրության բովանդակությունն օպերատիվ տվյալներ պարունակող գաղտնիք է։
Այսպիսով, ՌԴ տարածքում Հարությունյանին ոչինչ չի սպառնում։ Սակայն ԱՊՀ երկրներ գնալիս նրան կարող են ձերբակալել ու հանձնել ՀՀ-ին։
ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չէր դիմել ՌԴ իրավապահներին Հարությունյանի հարցով։ «Ինտերֆաքսի» աղբյուրը նշել է, որ միջնորդությունը ոչ թե ՀՀ-ից էր եկել, այլ միջազգային հետախուզման գծով, հայցի մեջ նշված էր անգամ Հարությունյանի մոսկովյան հասցեն։
Ավելի վաղ «Ինտերֆաքսը» գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձման չի ենթարկվի։