Նոր Հայաստան՝ հին բարքեր. Ինչո՞ւ «Հին Էրիվանի» գործը 6 տարի է չի հանգուցալուծվում
Արդեն վեցերորդ տարին է, ինչ «Հին Էրիվանի» սնանկության գործը չի հանգուցալուծվում: Նախկին իշխանությունների օրոք սկիզբ առած, տարբեր գնահատականների արժանացած դատական այս գործընթացը կարծես թե նոր իրողություններում էլ չի շտապում ավարտվել: Դատական հերթական նիստն այս անգամ էլ հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը:
Նիստի ժամանակ սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը հայտարարեց, որ դիմել է դատական դեպարտամենտին պահանջով ճշտելու՝ կան, արդյոք, «Հին Էրիվանի» դեմ դատական այլ հայցեր, թե ոչ: Լրագրողների հետ զրույցում ավելի ուշ նա ասաց, որ նման հայցեր կան: Ըստ օրենքի, պատասխանը կստացվի աշխատանքային 15 օրվա ընթացքում:
Լրագրողների հարցին ի պատասխան սնանկության գործով կառավարիչը այդպես էլ չկարողացավ պատասխանել լրագրողների հարցին, թե ինչու այսքան տարիներ ձգվող դատական գործընթացի շրջանակներում մինչ օրս չէր դիմել դատական դեպարտամենտ «Հին Էրիվանի» դեմ այլ դատական հայցերի մասին տեղեկություններ ստանալու պահանջով և այդ քայլն արել է բոլորովին վերջերս: Նաև բացառեց իր վրա ճնշումները.
«Գործընթացը շարունակվում է բնակոնոն հունով: Ինչ մնում է ճնշումներին, ապա դրանք բացառված են և հույս ունեմ, որ հոկտեմբերին նշանակած դատական նիստը վերջապես կլինի վերջինը»,-շեշտեց Գագիկ Բարխուդարյանը:
Իր հերթին, հայցվոր կողմը ևս չառարկեց միջնորդությունը: «Յունիբանկի» ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանը սկզբում հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել դատական գործընթացի մասով և փորձեց շտապ հեռանալ: Սակայն երբ հարցադրում հնչեց՝ արդյոք ճիշտ են տեղեկություններն այն մասին, թե «Յունիբանկը» դատավորներին արտոնյալ վարկեր է տրամադրում նվազեցված տոկոսադրույքներով և հենց դրանով էլ պայմանավորված է ակնհայտ շահագրգռվածությունը «Հին Էրիվանի» դեմ դատական վեճն անընդհատ ձգձգել, Կիրակոսյանը բավականին ջղաձիգ կերպով հերքեց. «Չկա նման բան»:
Ապաև շարունակեց. «Մենք ոչ մի խնդիր չունենք ընկերության հետ: Ավելին՝ մենք ևս շահագրգռված ենք, որպեսզի գործընթացն ավարտվի, բայց, ինչպես տեսնում եք, պետք է դեռ պարզել՝ կա՞ն հարակից հայցեր, թե ոչ»,- նշեց բանկի ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանը:
Դատավոր Ալեքսանդր Սուքոյանը լրագրողների հետ զրույցում խիստ օրինաչափ համարեց ձգձգվող այս դատական գործընթացը: Ըստ նրա, նման ծավալներ ընդգրկող և կարևոր գործերն այդպես են ընթանում: Բայց, հույս հայտնեց նա, շուտով գործընթացն իսկապես ավարտ կունենա և դա կլինի, հնարավոր է, հենց հոկտեմբերին՝ եթե նոր հանգամանքներ ի հայտ չգան:
Նշենք, որ վեցերորդ տարին է, ինչ առաջին ատյանի դատարանում դատավոր Սուքոյանի նախագահությամբ լսվում է «Հին Էրիվան» ընկերության սնանկության վերաբերյալ գործը: Արդեն երկու տարի է, ինչ սնանկության գործով կառավարչի ղեկավարությամբ կազմակերպությունը վերակազմավորվել և համապատասխան ընկերություններին վճարել է իր պարտքերը: Սակայն դատավարությունն շարունակվում է: Դատական նիստերը «Յունիբանկ»-ի ներկայացուցիչների ջանքերով յուրաքանչյուր անգամ անհասկանալի պատճառներով հետաձգվում են: