Հայաստանը զարգացնում է բազմաֆուկցիոնալ օդուժը, որպեսզի հնարավորություն ունենա կիրառել այն որսիչ, անմիջական օդային աջակցության, ինչպես նաև խորքային ավիացիոն հարվածների ռեժիմներում: Այս մասին EADaily-ի հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառում են լուրերին առ այն, որ Հայաստանը պատրաստվում է ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերել: Ի դեպ, դրանցից մեկի մեջ Էրեբունի ավիաբազայում լուսանկարվել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրառելով «աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ»: Նույն սոցիալական ցանցում կիսվելով վարչապետի գրառմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Լավ կլինի, որ մնան Հայաստանում»:
Նախարարի խոսքով, օդային գերակայությունը միշտ էլ համարվել է ռազմական գործողություններում հաջողության հասնելու կարևոր գրավական: «Եվ եթե մինչ այժմ, հաշվի առնելով թե առկա ռեսուրսները, թե զինված ուժերի կիրառման ձևերն ու եղանակները, մենք օդային գերակայության համար պայքարում առաջնահերթ ապավինել են հակաօդային պաշտպանության վերգետնյա միջոցներին, ապա ներկայում նախատեսում ենք զարգացնել նաև օդային հարթակների բաղադրիչը», - ընդգծում է Տոնոյանը:
Նրա խոսքով, ձեռքբերման համար հայկական կողմը դիտարկում է ինքնաթիռների մի քանի մոդելներ, տարբեր մոդիֆիկացիաներով և տեխնիկական ու սպառազինության առումով հագեցվածության տարբեր կոնֆիգուռացիաներով: «Կարևորը սակայն այն է, որ նպատակ ենք հետապնդում զարգացնել ոչ թե հատուկ կործանիչ ավիացիա, այլ ավելի շուտ բազմաֆուկցիոնալ օդուժ, ունենալով հարթակներ, որոնք հավասարաչափ կարող են կիրառվել որսիչ, անմիջական օդային աջակցության, ինչպես նաև խորքային ավիացիոն հարվածների ռեժիմներում», - նշում է նախարարը:
Տոնոյանը հարցազրույցում նաեւ անդրադառնում է Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերության զարգացման հարցին՝ ընդգծելով, որ այն կրում է հետևողական բնույթ, անկախ իշխող քաղաքական ուժից և պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձնավորություններից, խստորեն առաջնորդվելով հանրապետության ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի ուղենիշներով:
Այս առումով, նշում է նա, շեշտը դնում ենք «որմնախորշային» արտադրատեսակների ու բաղադրիչների ստեղծման վրա, որոնք նախ թույլ են տալիս բավարարել հայկական զինուժի մարտունակության ինքնատիպ կարիքները, ինչպես նաև ունեն միջազգային շուկայում մեր արտադրանքի իրացման փոքր, բայց հաստատուն սեգմենտ ապահովելու ներուժ:
«Այդպիսի նեղ-մասնագիտացված արտադրանքի և լուծումների ոլորտի են պատկանում օպտօէլեկտրոնային և ռադիոէլեկտրոնային հայտնաբերման և նշանառության սարքերը, ավտոմատացված խոցման միջոցները, հեռակառավարվող օդային և վերգետնյա սարքերը: Եվ իհարկե, առկա գիտատեխնիկական կարողությունների ներուժը ամբողջ ծավալով իրացնելու համար իրականացնում ենք ռազմարդյունաբերական համալիրում հարկային և վարչարարական ընթացակարգերի բարե¬լավ¬ման, ներդրումները և համատեղ ձեռնարկությունների ստեղծումը խթանելու քաղաքականություն», - եզրափակում է Դավիթ Տոնոյանը: