Վրաստանում 6 ամսում ընտանեկան բռնության փաստով 1328 մարդ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները 2018-ի հունվար-հուլիսին 1328 մարդ են ձերբակալել ընտանեկան հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին:
Ըստ նրա, կես տարում ՆԳՆ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը սկսել է 2804 գործ քննել, որոնք կապված են ընտանեկան բռնության հետ: Այդ ընթացքում ավելի քան 1900 մարդ քրեական պատասխանատվության է ենթարկվել: Նույնքան մարդ նմանատիպ մեղադրանքով ձերբակալվել էր ամբողջ 2017-ի ընթացքում:
Ըստ ՆԳՆ-ի, 6 ամսում ավելի քան 3200 սահմանափակման ծանուցում է տրամադրվել, ինչը 2 անգամ ավելի է, քան ամբողջ 2017-ի ժամանակ, գրում է «Նովոստի-Գրուզիան»:
Ըստ Մեզվրիշվիլիի, ՆԳՆ-ն ակտիվ պայքարում է ընտանեկան բռնության դեմ նաև իր շարքերում: Ծառայողական ստուգման արդյունքում 2018-ի առաջին 6 ամսում կարգապահական տույժ է ստացել ՆԳՆ 10 աշխատակից: