VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Նիկոլ Փաշինյան-գործարարներ ընդհանուր առմամբ բարիդրացիական հանդիպումից, ուր հիմնական նյուզմեյքերը եղել է շաքարի արքա Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, ով իրեն «հատուկ» անկեղծությամբ ասել է․ «Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, ոչ մի շահույթ չունեմ, նախորդ իշխանությունների հետ պայմանավորվել եմ, որ աշխատատեղ եմ բացելու, վեց տարի շարունակ եղած շահույթը ներդնում անեմ գործարանում, էլի աշխատատեղ բացեմ, հա դե, աշխատողները գրանցում չունեն։ Եթե ուզում եք գրանցեմ, պտի էդքան հազար աշխատողի ազատեմ, գործարանը փակեմ, սաղին ուղարկեմ տուն, որովհետեւ շատ մեծ ներդրումներ են պետք նման գործարան ու էդքան մարդ աշխատացնելու համար։ Ասեք՝ ո՞նց անեմ, ոնց ասեք՝ ըտենց պատրաստ եմ անել»։
Ներկաները նկատել են, որ հարցադրումն ինչ-որ առումով իսկապես մտահոգել է Փաշինյանին։ Վերջինս, որն ընդհանուր առմամբ շատ չի խոսել այդ հանդիպման ժամանակ, այլ առավելապես լսողի դերում է եղել, սկզբնական իր խոսքում հարկ է համարել հարցնել՝ ինչո՞վ օգնեմ, որ անխափան աշխատեք, արհեստական պրոբլեմներ ոչ մեկի առջեւ չենք հարուցելու։ Հարցադրումը լսելուց հետո Փաշինյանն ասել է՝ խնդիրը խորությամբ մասնագետների հետ կքննարկենք, ձեզ կպատասխանենք՝ ամեն ինչ պետք է լինի օրինական դաշտում։ Ի դեպ, Սամվել Ալեքսանյանն իր մտահոգությամբ միակը չի եղել այդ հանդիպման ընթացքում, մյուս գործարարները եւս անդրադարձել են այդ կարգի խնդիրների»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է բացահայտել այնպիսի սխեմաներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, գործել են նախորդ իշխանությունների իմացությամբ: Եվ ստացվում է, որ այս բացահայտումների մեղավորը ոչ այնքան գործարարներն են, որոնք գործել են թելադրված խաղի կանոններով, այլեւ հենց բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հորդորել են բիզնեսմեններին օգտվել օրենսդրական սողանցքներից: Եվ հիմա, օրինակ, «Երեւան սիթի» սուպերմարկետների 461 աշխատակցի ԱԱԾ տանելով` իրապես հարցը չի լուծվելու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պետական կառավարման ոլորտի մասնագետներից շատերը պնդում են, որ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նոր կառավարությունը սահմաներ խաղի նոր կանոններ, գիծ քաշեր անցյալի ու ներկայի միջեւ՝ ամեն ինչ սկսելով զրոյից: Ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուզածը ոչ թե անցյալը փորփրելն է կամ վենդետաներ անելը (ինչը բացառել է բազմիցս), այլ ամենքին օրենքի դաշտ բերելը: Իսկ հասարակ աշխատակիցներին ԱԱԾ տանելը, ձերբակալությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել բիզնեսմենների շրջանակում: Մանավանդ, մեծ թվով, ըստ պաշտոնական տեղեկության, 11 խոշոր ընկերություններ են այդպիսի վիճակում: Եւ ուրեմն ինչ, հանրապետության կեսը պետք է ճաշակի ԱԱԾ-ում լինելու «համը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հաղթանակը ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել հեղափոխությանը, քան ՀՀԿ-ն ու նրա կցորդ քրեաօլիգարխիկ համակարգը միասին վերցրած: Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո սկսել և շարունակում է ինտենսիվ աշխատել նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, որն ինքը ղեկավարելու է ստվերից, և այս օրերին հանդիպում և նշանակումներ է կատարում պետական ապարատի նախկին աշխատակիցներին: Սարգսյանը հասկանում է, որ իրեն անգլիական թագուհու կարգավիճակից կարող է դուրս բերել միայն խորհրդարանում սեփական կուսակցության զգալի ներկայությունը: Բայց նախկին նոմենկլատուրայի հաջողությունը կարող է լինել նաև հակահեղափոխության հաղթանակը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թեեւ ողջունել է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, բայց միաժամանակ նշել է, որ այդ հարցում այնքան էլ լավատես չէ: «Բանակցային գործընթացում ակնկալվող հաջողությունը, միանշանակ, պայմանավորված է արցախյան կողմի լիարժեք ներգրավմամբ: Եվ շատ ուրախ եմ, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը վերահաստատեց դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Սակայն այս պահին որեւէ հեռանկար չեմ տեսնում, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Ադրբեջանի իշխանության ապակառուցողական վարքի պատճառով բովանդակային բանակցություններ չկան, կան հանդիպումներ, որոնք հիմնախնդրի վերջնական կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց չեն կարող ապահովել»,- ասել է նա։ Ըստ Հարությունյանի` «Ադրբեջանի իշխանության ոչ ադեկվատ արձագանքը եւս մեկ անգամ փաստեց, որ այդ երկրում հիմնախնդրի խաղաղ եւ վերջնական լուծմանը դեռեւս որեւէ կերպ պատրաստ չեն»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Պաշտոնանկ կարվեն նաև տարբեր երկրներում պատվավոր հյուպատոսի պաշտոններ զբաղեցնող միլիոնատեր օլիգարխները, որոնց համար այդ ստատուսը որոշակի անձեռնմխելիություն է ապահովում: Փաշինյանը որոշել է հետ չկանչել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին, ինչպես նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն հայտնվել է իր իսկ փորած փոսում: ԱԺ ՀՀԿ խմբակցությունից սկսվել է արտահոսքը: Արդեն երկու պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանն ու Արթուր Գեւորգյանը, հայտարարել են ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին: Առաջիկայում նման հայտարարությամբ հանդես կգա մի քանի այլ պատգամավոր եւս: Ու հիմա ՀՀԿ-ն չունի օրենսդրական որեւէ լծակ կանխելու համար տեղի ունեցողը, ստիպելու պատգամավորներին, որ խմբակցությունից հեռանալու դեպքում վայր դնեն մանդատները: Ավելին` երբ ժամանակին ԲՀԿ-ն պահանջում էր ԱԺ կանոնակարգ օրենքում նման դրույթ ամրագրել, ՀՀԿ-ականները կատաղի դիմադրություն ցուցաբերեցին: Ընդհակառակը, խմբակցությունից հեռացած պատգամավորների համար ազատ գործունեության երաշխիքներ սահմանվեցին ոչ միայն օրենսդրությամբ, այլեւ ԱԺ կանոնակարգ օրենքով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ՀՀԿ վերնախավն այս օրերին ափսոսում է, որ չի գնացել այդ քայլին. մասնավոր զրույցներում նրանք պարբերաբար այդ մասին են խոսում: Այն ժամանակ ՀՀԿ-ականների մտքով չէր անցնում, որ Սերժ Սարգսյանն օրերից մի օր հրաժարական կտա, իրենք կհեռանան իշխանությունից: Ընդհակառակը, ՀՀԿ-ում համոզված էին, որ դեռ 20-30, միգուցե 40-50 տարի իրենք են լինելու իշխանության ղեկին, իրենք են թելադրելու խաղի կանոնները: Իսկ օրենսդրությամբ խմբակցությունից հեռացած պատգամավորներին գործունեության ազատ երաշխիքներ տալով` իրենք կփորձեին վերահսկողության լծակներ ունենալ խորհրդարանական մյուս խմբակցությունների վրա. իրենց մարդկանց ներդնելով տարբեր խմբակցություններում` միշտ հնարավորություն են ունեցել պատեհ պահի «պայթեցնելու ականները», խմբակցություններից դուրս բերելու իրենց մարդկանց` այդպես «զինաթափելով» ընդդիմախոսներին: Եւ այդ մեթոդը կիրառվել է տարիներ շարունակ՝ ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի դեպքում, երբ վերջիններս հեռացան իշխանությունից: Բայց հիմա, փաստորեն, ՀՀԿ-ի համար ամեն ինչ ուշ է. ՀՀԿ գնացքը վաղուց է գնացել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերեւից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքեւից: Երեկ նրա նախաձեռնությամբ ապամոնտաժվել են Էջմիածին քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ: Այդ արգելաձողերը դրված էին Գրիգորյանի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում: Մնում է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվի նաեւ իր մյուս հակաօրինական գործողություններից՝ ինչպիսին, օրինակ, իր կողմից արգելված վայրերում կայանված մեքենաների անվադողերի իջեցումն է, քաղաքացիների ահաբեկումը եւ ծեծ ու ջարդը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն օրերս այցելել է եղբորը՝ Սարգիս Հակոբյանին, ով Քրօր․ 258 հոդվածով (խուլիգանություն) կալանավորվել է եւ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։ Եվ քանի որ պահման վայրի բոլոր ոստիկանները նրան լավ գիտեն, թույլ են տվել մտնել, եղբորը տեսնել։ Օսիպյանը, իմանալով այդ մասին, հերթափոխի բոլոր ոստիկաններին գործից ազատել է։ Մեր հարցին ի պատասխան, թե ինչ հիմնավորմամբ են նրանց ազատել, ոստիկանության լրատվական պատասխանատու Աշոտ Ահարոնյանն ասաց․ «ՁՊՎ՝ ձերբակալվածների պահման վայրի պետի փոփոխություն է կատարվել՝ ոստիկանության պետի հրամանով, նոր նշանակում է եղել, սակայն Ձեր կողմից նշված այցելության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը»։ Ի դեպ, փոփոխությունը տեղի է ունեցել նշված այցի հաջորդ օրը»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական կնշանակվի Արսեն Խառատյանը: Արսեն Խառատյանը Վրաստանի «Մեդիա Ալիք» կայքի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել է Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությանը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետի որոշմամբ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ է նշանակվել Ալբերտ Աբգարյանը, ով 2017 թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է ՀՀԿ համամասնական ցուցակով` 58-րդն էր։ Աբգարյանը եղել է Սերժ Սարգսյանի նվիրյալներից, նրա համար 2013-ին նախընտրական երգ է գրել: Մասնագիտությամբ իրավաբան եւ կոմպոզիտոր Աբգարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերմությունն սկսվել է 2007-ի վերջերից։ Սերժ Սարգսյանը, որպես վարչապետ, հանդիպել է ՀԿ-ների ղեկավարների հետ, վաղ տարիքից տեսողությունից զրկված Աբգարյանը հանդիպման ընթացքում բարձրացրել է հաշմանդամների աշխատանքի խնդիրը եւ կոչ արել Սերժ Սարգսյանին օրինակ ծառայել գործատուների համար: 2 ամիս անց Սարգսյանը, դառնալով նախագահ, չի մոռացել Ալբերտի խնդրանքը եւ նրան հրավիրել է նախագահական՝ աշխատանքի։ 2005-ից նա աշխատում է պետական համակարգում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ազգային ժողովում: Իսկ 2009-ից աշխատել է Սերժ Սարգսյանի աշխատակազմում: Դավիթ Սանասարյանի մյուս տեղակալ է նշանակվել Հայկ Սարգսյանը՝ Փաշինյանի «թիկնապահը», Սոցիալական պետական հիմնադրամի նախկին ղեկավար Զարեհ Սարգսյանի որդին, ով քայլարշավի ողջ ընթացքում, ինչպեսեւ մինչեւ վերջերս ուղեկցում էր Փաշինյանին։ Նա 2017 թ․ մարտի 31-ի միջադեպի՝ Մանախի եւ «Ելք» դաշինքի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ընդհարման մասնակիցներից է եւ պարբերաբար հրավիրվում է դատարան՝ որպես տուժող»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «Փաստ» օրաթերթ զանգահարած քաղաքացին տեղեկացնում էր, որ տրանզիտով դեպի ԱՄՆ մեկնելու համար օդանավում, այսպես կոչված, «լավ տեղերի» համար իրենից գումար չեն ուզել, ուղղակի աշխատակիցներից մեկը խնդրել է մի փոքրիկ փաթեթ տեղափոխել իր հետ: Մանրամասն ստուգելուց հետո, երբ պարզվել է, որ փաթեթում «կրիմինալ» չկա, միայն հագուստ է, համաձայնել է, ինչի դիմաց իրեն առաջարկել են հարմարավետ տեղ՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ դա նախկինում լուրջ գումար արժեր:
Մեր ունեցած տեղեկություններով, իրականում այդ կատակի մեջ կատակի տոկոսը չափազանց քիչ է: «Զվարթնոց» օդանավակայանում տարիներ շարունակ գործել է ստվերային գումարների շրջանառության լուրջ օղակ: Մասնավորաբար, մեր աղբյուրները պնդում են, որ օդանավում «լավ տեղեր» ամրագրելու համար մարդիկ վճարել են 50-100 դոլար՝ կախված թռիչքի հեռավորությունից կամ տրանզիտի առկայությունից: Բնականաբար, այդ գումարները պաշտոնական գրանցում չեն ունեցել, ավելին, «գանձվել» են աչքից հեռու տեղերում: Ասում են՝ մոտ քսան օր է՝ այդ «ծառայությունն» այլևս չի գործում, առավելագույնը՝ սոսկ ծանոթ-բարեկամների համար է մնացել»: