24.11.2024
Տարվում է քննություն՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները. ՔԿ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Սփյուռքի համար կփոխի Սահմանադրությունը

Նոր կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, որը հնարավորություն կտա Սփյուռքի մեր հայրենակիցներ ՀՀ-ում զբաղեցնել նախարարի պաշտոն: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը միանալով ուղիղ եթերով:


Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է: Իսկ գլխավոր ու կարևորագույն խնդիրը հայ ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, որը հնարավորություն կտա Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն գործունեության ապահովմանը:


«Այս նպատակին հասնելու համար պետք է հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,- ասել է Փաշինյանը:


Անդրադառնալո Սփյուռքի ներուժին նա ասել է, որ մեր հայրենակիցների ներգրավվածության խնդիրը Հայաստանի պետական գործընթացներին երբեմն սահմանափակվում է Սահմանադրությամբ: Նա մատնանշել է, որ Մայր օրենքում կան դրույթներ, որոնք ամրագրում են, որ, օրինակ , ՀՀ նախարար կարող է նշանակվել այն անձը, ով վերջին 4 տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի ու 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում.


«Մենք կարծում ենք, որ այս կարգավորումը չի արտահայտում մեր ազգային ձգտումները և այն ստեղծում է արհեստական խոչընդոտներ սփյուռքի ներգրավվածության համար: Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի սփյուռքի ներուժը կարողանանք օգտագործել պետական ինստիտուտների կայացման գործընթացում»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը: