Forbes. Իշխանափոխությունն ու Հայաստանի տնտեսությունը` ի՞նչ կլինի հետո
Եթե Հայաստանը տասնամյակի ընթացքում կարողանա ստեղծել զբոսաշրջային նոր սեկտոր, ապա վստահաբար կարող է անցում կատարել դեպի տնտեսական աճ: Այս մասին ասված է Forbes հոդվածում, որի հեղինակն անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը:
Հեղինակը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը հավանական է, որ Անդրկովկասում բարեփոխումների դարաշրջանի սկիզբ ազդարարի: Նշելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներն ընդունված է համարել ցանկացած զարգացող պետության բարեփոխման առանցքային հատված. Հեղինակը նշում է, որ միևնույն ժամանակ միայն դրանք բավարար չեն կայուն տնտեսական աճի արագացման համար:
«Տնտեսական աճը հիմնականում կապված պետք է լինի ծառայությունների ոլորտի հետ: Հասարակ ծառայությունների մատչելիությունը կյանքն առավել հարմարավետ է դարձնում, դրան նպաստում են նաև ավտոմեքենաների օգտագործումը, ժամանակակից էլեկտրոնիկան, բուժական ծառայությունները: Քանի որ Հայաստանը նոու-հաու չունի այդ բոլոր ապրանքների և ծառայությունների արտադրության համար, ստիպված դրանք գնում է միջազգային շուկայում: Իսկ դրա համար Հայաստանը պետք է սովորի եկամուտ ստանալ եվրոյով և դոլարով, այսինքն՝ արտահանել սեփական արտադրանքն ու ծառայությունները: Զբոսաշրջության յուրահատկությունը որպես արտահանման ոլորտի այն է, որ ի տարբերություն այլ արտահանվող ապրանքների, պետք չէ ոչ մի տեղ տեղափոխել. զբոսաշրջիկներն իրենք են գալիս: Հայաստան նրանք կգան այն ժամանակ, երբ հասկանան, որ կարող են մատչելի գներով թռչել դեպի Երևան, արագ անցնել անձնագրային ստուգումը հարմարավետ և ժամանակակից օդանավակայանում, արագ հասնել հյուրանոց Սևանա լճի ափին, որտեղ երկու շաբաթվա ընթացքում կկարողանան լավ հյուրանոցային և լողափային սպասարկում ստանալ: Եվ այդ ամենն ավելի քիչ գումար կարժենա, քան նմանօրինակ հանգիստը Թուրքիայում, Բուլղարիայում և Չեռնոգորիայում», - գրում է հեղինակը:
Եվ եթե Հայաստանը տասնամյակի ընթացքում կարողանա ստեղծել զբոսաշրջային նոր սեկտոր, ապա կկարողանա վստահորեն տեղափոխվել upper middle-income economy երկրների խումբ: Դա կմեծացնի ոչ միայն իր քաղաքացիների բարեկեցության մակարդակը, այլև ներդրումային բյուջեն, ինչը կնպաստի հայկական տնտեսության հետագա դիվերսիֆիկացմանը:
Հեղինակը նկատում է, որ այս ամենի հետ կապված խնդիրներ կան` որտեղի՞ց գումար վերցնել հյուրանոցների ու տրանսպորտային ենթակառուցվածքների համար: Բայց նման խնդիր Հայաստանը կունենա ցանկացած սեկտորի ձևավորման ժամանակ, և լուծումներն էլ ստանդարտ են` վարկային միջոցների ներգրավում միջազգային կազմակերպություններից, Սփյուռքի աջակցություն և ռուսական վարկեր: