Գեոպոլիտիկան չպետք է խառնել ներհայաստանյան իրադարձություններին
«Թավշյա հեղափոխությունը» փողոցներից աստիճանաբար տեղափոխվում է ավելի ինստիտուցիոնալ մակարդակ` մայիսի 8–ին պետք է կայանա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունն ԱԺ–ում։ Նախորդ քվեարկության ընթացքում ՀՀԿ–ն դեմ քվեարկեց նրա թեկնածությանը, սակայն «փողոցը» ֆորմալ, դե–յուրե դեռևս իշխանական կուսակցության այդ որոշումը «դիմավորեց» զանգվածային ցույցերով` արգելափակելով ՀՀ–ի գրեթե բոլոր ճանապարհներն, այդ թվում կարևորագույն նշանակություն ունեցող Զվարթնոց օդանավակայանը։
Փաշինյանը «փողոցը» կառավարող ու «թավշյա հեղափոխության» լիդեր լինելով ճնշում է գործող համակարգին` մայիսի 8–ին վարչապետ դառնալու ու երկիրն արտահերթ ընտրություններին պատրաստելու համար։ Այդպիսի զանգվածային ցույցերը «կոլապսային» վիճակ են ստեղծում թե՛ պետական համակարգի, թե՛ տնտեսության նորմալ գործունեության համար։ Այս պայքարի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա ԱԺ–ում ընտրությունների միջոցով, իսկ ապագայում կախված ներքաղաքական իրավիճակից և բոլորի համար հավասար ստարտային պայմաններ ապահովելով պետք է անցկացվեն հասարակության համար ընդունելի, բաց և թափանցիկ ԱԺ արտահերթ ընտրություններ։ Այդպիսի պահանջ էր դնում նաև Նիկոլ Փաշինյանը։
Անցնցում իշխանափոխությունն ենթադրում է լեգիտիմ ընտրությունների անցկացում ու ուժերի նոր դասավորվածությամբ ԱԺ–ում՝ ժողովրդի, քաղաքական հիմնական ուժերի կողմից ընդունելի վարչապետի ընտրություն, որը կկարողանա սկսել ՀՀ–ին այդքան անհրաժեշտ համակարգային փոփոխություններն ու տնտեսական բլոկը դարձնի առաջնահերթություն`հասարակության մի մեծ հատվածի համար սոցիալական թեմատիկան` քաղաքականին հավասար նույնպես շատ կարևոր էր։
«Փողոցը» սպասելու է արագ, շոշափելի ու խորը փոփոխություններ կյանքի բոլոր ոլորտներում` մենաշնորհների դեմ պայքարից, սոցիալ–տնտեսական իրավիճակի բարելավումից մինչև արդար դատարան ու ՀՀ–ի ու Արցախի անվտանգության մակարդակի բարձրացում` Փաշինյանն ԱԺ–ում իր ելույթում նույնպես խոսեց ռազմական ծախսերի մեծացման ու անվտանգության համակարգի ուժեղացման մասին։
«Թավշյա հեղափոխության» հետ կապված մեկ այլ կարևոր հանգամանք պետք է համարվի այն, որ այս շարժումը չպետք է ներկայացնել, որպես «հակառուսական մայդան»` այդպիսի տերմինների օգտագործումը սրում է աշխարհաքաղական պայքարը ՀՀ–ի շուրջ և Արևմուտք–ՌԴ «սառը պատերազմը» տեղափոխում հայկական տարածք, ինչն անընդունելի է։
Հեղափոխությունը չպետք է որակել նաև, որպես Արևմուտքի հաղթանակ ՌԴ–ի նկատմամբ` աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ բարեկամական կապերն այս պահին ՀՀ–ին շատ անհրաժեշտ են։ Գեոպոլիտիկան չպետք է մաս դառնա ներհայաստանյան այս իրադարձություններին, որոնց զերծ պահելով «Մոսկվայի հաղթանակ` Արևմուտքի պարտություն», «Մոսկվայի պարտություն` Արևմուտքի հաղթանակ» որակումներից հնարավոր կլինի ձևավորել ազգային համերաշխության մթնոլորտ, բոլոր քաղաքական ուժերի համատեղ ջանքերով որակական փոփոխությունների մեկնարկի ազդարարում`նոր Հայաստանի կառուցում, ինչպես դա որակում են շարժման առաջնորդներն ու պահանջում «փողոցը»։