«Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշներով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դարձյալ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։ Նշված ժամանակահատվածում ընկերությունը ՀՀ պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ` 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում վճարած 29,8 մլրդ դրամի համեմատ։
Խոշոր հարկատուների ցանկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը ինը ամիսների ընթացքում պետբյուջե է վճարել 22,1 մլրդ դրամ (34%–ի աճ)։ Երրորդ հորիզոնականում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն` 18,8 մլրդ դրամ` 2016թ.–ի առաջին կիսամյակում վճարած 14 մլրդ դրամի համեմատ։ Չորրորդ հորիզոնականում է «Ալեքս Հոլդինգը», որը պետբյուջե է վճարել մոտ 16,1 մլրդ դրամ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հինգերորդ հորիզոնականում է` 9 ամսում կոմբինատը բյուջե է վճարել մոտ 13,1 մլրդ դրամ` 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում վճարած 11,1 մլրդ դրամի համեմատ։
ՊԵԿ-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 580,79 մլրդ դրամ, ինչը 10,6%–ով կամ 55,8 մլրդ դրամով ավել է 2016թ.–ի 9 ամսվա համեմատ։