ՊՆ-ն զարգացնում է բազմակողմանի համագործակցությունը ՌԴ «Կորպորացիա Իրկուտ» ընկերության հետ
Ի կատարումն Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Ռուսաստանի Դաշնության «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը:
Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած խմբի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության դրույթների իրականացումը, ինչպես նաև բազմակողմանի համագործակցության զարգացումը ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ «Կորպորացիա Իրկուտ» ընկերության միջև:
Բանակցությունների արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն:
Նշենք, որ «Կորպորացիա Իրկուտ» ընկերությունն ապահովում է ռազմական ավիացիոն տեխնիկայի նախագծման, փորձարկումների, արտադրության, մարքեթինգի, սպառման և հետագա սպասարկման աշխատանքների ամբողջական ցիկլ: Ընկերությունը, մասնավորապես, արտադրում է Су-30СМ և Су-30МК կործանիչներ, ռազմա-ուսուցողական ինքնաթիռ Як-130 և Як-152, և այլն: