25.11.2024
Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթ բացելու գաղափարը առաջնահերթություն է. ANCA
prev Նախորդ նորություն

Մամուլ. ներիշխանական կրակը թեժանում է. ո՞վ է գցել կայծն այս անգամ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Տոնավաճառների առեւտրականների բողոքը Հայաստանում պարբերաբար բռնկվող հասարակական-քաղաքական կայծերից մեկն է, որը կարծես թե ակտիվանում է հերթական անգամ: Հրապարակի վրա դարձյալ տեղի է ունենում ՊԵԿ-տոնավաճառներ բախում, որը ներկայումս հնարավոր է գնահատել բախում կառավարության եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ՝ հաշվի առնելով այն, որ ՊԵԿ ղեկավարը վարչապետ Կարեն Կարապետյանի վստահելի անձանցից մեկն է, իսկ տոնավաճառների աշխատակիցների շարքում, այսպես ասած, ակտիվ եւ գեներացնող դեր ունեն Գագիկ Ծառուկյանին պատկանող տոնավաճառի աշխատակիցները:


Այդ առումով, իրավիճակը եւս գտնվում է տրամաբանության, օրինաչափության շրջանակում, քանի որ խնդիրը Հայաստանում պարբերաբար բռնկվել է հենց քաղաքական շարժառիթներով: Մյուս կողմից՝ Հայաստանում ցանկացած տնտեսական խնդրի լուծում, ի վերջո, հանգելու է դրան՝ հաշվի առնելով քաղաքականության եւ բիզնեսի էական սերտաճածությունը: Դրան զուգահեռ, ակնհայտ է նաեւ, որ առանց այդ՝ այսպես ասած ռիսկի, Հայաստանում հնարավոր չէ իրականացնել տնտեսական որեւէ բարեփոխում, տնտեսական քաղաքականության որեւէ վերափոխում, քանի որ ամենուր քաղաքականության հետ սերտաճած բիզնես շահեր են, իսկ փոխել տնտեսական քաղաքականությունն առանց որեւէ կերպ որեւէ կողմի շահին դիպչելու՝ ուղղակի հնարավոր չէ:


Այստեղ, իհարկե, առանցքայինն այն է, թե արդյոք տվյալ պարագայում որն է բուն շարժառիթը՝ տնտեսակա՞ն հարցեր լուծելը, որոնց դեպքում տնտեսական շահը պաշտպանելու համար գործի է դրվում քաղաքական գործիքակազմը, թե՞ հակառակը՝ քաղաքական շահերը սպասարկելու համար գործածվում է, այսպես ասած, տնտեսական քաղաքականության, տվյալ դեպքում՝ ՊԵԿ գործիքը: Այսինքն՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը տնտեսական քաղաքականության վերափոխման, արդյունավետության բարձրացմա՞ն շարժառիթով է գործում, ինչին հակազդելու համար Ծառուկյանը փորձում է գործի դնել հանրային բողոքի քաղաքական լծակը եւ պաշտպանել իր շահը, թե՞ Կարեն Կարապետյանն իր քաղաքական դիրքերն ամրացնելու համար փորձում է հարվածել Գագիկ Ծառուկյանին, որը ՀՀԿ մեծամասնության եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի, այսպես ասած, անվտանգության բարձիկն ու բուֆերն է, եւ Սարգսյանի դիրքերը թուլացնելու համար նախ պետք է հանել մեջտեղից այդ բարձիկը:


Իհարկե, պետք չէ բացառել նաեւ տարբերակը, երբ Սերժ Սարգսյանն է Գագիկ Ծառուկյանի գործոնն օգտագործում Կարեն Կարապետյանի համար խնդիր առաջացնելու նպատակով, որովհետեւ, ի վերջո, առկա է նաեւ հարց՝ արդյո՞ք ՊԵԿ գործողությունները չունեն Սերժ Սարգսյանի հավանությունը եւ արդյո՞ք, ի վերջո, հենց Սերժ Սարգսյանը չէ, որ կորոշի, թե ինչպես պետք է ընթանան հետագա զարգացումները: Խաղը բազմաշերտ է, եւ թերեւս իրականությանն ավելի մոտ է այն, որ Սարգսյանը հերթական անգամ իր մարտավարությունը կառուցում է տարբեր ներհամակարգային թեւերի միջեւ հակադրության վրա, երբ այդպիսով դրանք դառնում են առավել կառավարելի, որովհետեւ որքան էլ Սարգսյանն ու Ծառուկյանը ներկայումս չունեն որեւէ խնդիր, եւ ակնառու է նրանց միջեւ «աշխատանքի» կամ «ֆունկցիոնալ» բաժանումը, այդուհանդերձ Սարգսյանն, իհարկե, շատ լավ է պատկերացնում Գագիկ Ծառուկյանի «վերահսկողությունից» դուրս գալու հետեւանքը: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի համար նախընտրելի տարբերակն այն է, որ Ծառուկյանն ավելի շատ ունենա իր կարիքը, քան հակառակը:


Մյուս կողմից՝ մեկ այլ շերտ կարող է լինել այն, որ Գագիկ Ծառուկյանն ինքը մտավախություն ունի, որ դուրս է մնում Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան պայմանավորվածությունից, որի մասին վերջին օրերին մամուլում եղել են տարբեր հրապարակումներ՝ առ այն, որ Սարգսյանը գործնականում պայմանավորվել է Կարապետյանի հետ եւ բաժանել «աշխատանքը» կամ «ֆունկցիաները»՝ Սարգսյանը կշարունակի լինել իշխանության ղեկավարը, իսկ Կարապետյանը կբավարարվի տնտեսական լիազորությամբ օժտված փոխվարչապետի կարգավիճակով: Դա կարող է նշանակել, որ Սերժ Սարգսյանի համար արդիականությունը կորցնում է Ծառուկյանի հետ «աշխատանքի» կամ «ֆունկցիաների» բաժանման «պայմանագիրը», ինչն էլ իր հերթին կարող է մտահոգություն առաջացնել Գագիկ Ծառուկյանի մոտ:


Ի վերջո, ուշագրավ է այն, որ տոնավաճառների խնդիրը բռնկման եզրին էր մի քանի ամիս առաջ, բայց այն կարծես թե հանգուցալուծվեց եւ չունեցավ մեծ ծավալում: Բայց այժմ խնդիրը վերստին թեժանում է, ինչը զուգորդվում է ներիշխանական հարաբերությունների վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Իսկ Հայաստանում դրանք էական ազդեցություն ունեն սուբյեկտների քաղաքական վարքագծի վրա, ինչն անկասկած հայաստանյան քաղաքականության ամենեւին պերճանքը չէ, բայց կա այն, ինչ կա, եւ Ծառուկյանն, ըստ երեւույթին, կոշտացնում է իր քաղաքականությունը հերթական անգամ խաղից դուրս չմնալու համար՝ պատկերացնելով, որ այս անգամ դա կարող է լինել անշրջելի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հերթական ոչ դիվանագիտական կրթությամբ անձը նշանակվեց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանի մասին է, ով երկար տարիներ աշխատել է հարկային մարմիններում, Էլցանցում, «Կենտրոն–կանաչապատում»–ում, բայց ոչ երբեք՝ դիվանագիտության ոլորտում: Իսկ նրա հիմնական զբաղմունք–բիզնեսը, ինչպես երեւանցիներն են ասում՝ Երեւանում «շուն սատկացնելն է»: Սադոյանին է պատկանում «Յուքնիգրաֆ–իքս» ընկերությունը, որն զբաղվում է Երեւանի թափառող շներով: Բյուջեից տարեկան կես միլիոն դոլարի փող է դուրս գրվում ու փոխանցվում այս կազմակերպությանը, որպեսզի մրցույթում միշտ հաղթող Սադոյանը վնասազերծի ու ստերիլիզացնի շներին:


Հետաքրքիր է, որ նա արդեն ութ տարի շարունակ փաստաթղթերով նույն թիվն է ցույց տալիս, թե իբր Երեւանում 46000 թափառող շուն կա: Բա, եթե ստերիլիզացնում են, շների թիվը չի պակասո՞ւմ: Ի դեպ, կենդանիների պաշտպանության «Դինգո թիմ» կազմակերպությունը փաստում է, որ Մոսկվա քաղաքում գրանցված է ընդամենը 20000 թափառող շուն: Փաստորեն, մեր քաղաքի շները Մոսկվայի շներից կրկնակի շատ են, դեռ մի բան էլ՝ ավելի: Դե, դրա համար էլ կես միլիոն դոլար են տանում: Ասում են, թե Սադոյանին դեսպան նշանակելուց Թիֆլիսում հաստատ իրարանցում կսկսվի: Թիֆլիսի շները քաղաքից կփախչեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Ակադեմիայից մեզ հայտնեցին, որ լրանում է բուհի 15-ամյակը, եւ այցն այդ առթիվ է: Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ բուհի աշխատակիցներին հրահանգվել է մինչեւ ժամը 20:00-ն չլքել աշխատավայրը, նախագահի անվտանգության աշխատակիցները երեկոյան պետք է այցելեն բուհ՝ ստուգելու անվտանգության հետ կապված հարցեր:


Բուհի ուսանողներից մեկը մեզ հայտնեց, որ այսօր իրենց կուրսը պետք է քննություն հանձներ, ինչը նախապես պլանավորված էր: Սակայն այցի պատճառով այն հետաձգվել է, նշանակվել շաբաթ օրը: Եվ, բացի այդ, ուսանողներին հրահանգվել է դասի չգալ: «Մի քանի օր է՝ բուհի ղեկավարությունը խառն է, գլխակորույս նախապատրաստվում են երկրի ղեկավարի այցին»,- ասաց մեր աղբյուրը: Նշենք, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ռեկտորը՝ նույն կառույցի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ով մի քանի ամիս առաջ՝ ԱԺ վերջին ընտրություններից հետո է նշանակվել այդ պաշտոնում:


ՀՎԿ-ն, նշենք, չնչին տոկոսներ հավաքեց ընտրություններում՝ զրկվելով պատգամավորական մանդատներից: Ակնկալվում է, որ այս այցելությունից հետո կլուծվի Բաղդասարյանի եւ նրա ներկայացրած քաղաքական ուժի ճակատագրի հարցը: Բաղդասարյանը, ինչպես հայտնի է, լռության ուխտ է պահում ապրիլյան ընտրություններից հետո՝ չարձագանքելով երկրում ընթացող եւ ոչ մի պրոցեսի»:


«Առավոտ» թերթը գրում է. «Ասել, որ «հելոուինը» իմ սիրած տոնն է, եւ ես այդ «մեռելային» խաղի մեջ ինչ-որ մեծ իմաստ եմ տեսնում, իհարկե, մեծ չափազանցություն կլինի: «Սեւ հումորն» ինձ ամենեւին հոգեհարազատ չէ, եւ բարեբախտաբար, ոչ իմ զավակները եւ ոչ էլ իմ շրջապատում երեխաները նման հիմարություններով չեն զբաղվում: Բայց ինձ, ճիշտն ասած, զարմացնում է մեր հոգեւոր դասի ակտիվությունը բացառապես «հելոուինի» հարցում: Միթե սա է մեր հասարակության ամենակարեւոր խնդիրը: Ես երբեք չեմ լսել, որ հոգեւորականն ասի՝ «սիրելի օլիգարխ, սիրելի պաշտոնյա, եղի՛ր հեզ, խոնարհ, ժուժկալ, համեստ, զուսպ, մի՛ եղիր շատակեր, ագահ, ինքնասիրահարված, բռի եւ տգետ»:


Այդ բարի խորհուրդը, որը, կարծում եմ, միանգամայն համահունչ է Աստվածաշնչի ոգուն, որեւէ հոգեւորական չի հնչեցնում: Հակառակը՝ եթե հիշյալ ամբարտավան անձը որոշում է եկեղեցի կառուցել, սկսվում են ձոները՝ «ո՜վ մեծն բարերար», «ո՜վ ազգային գործիչ» եւ այլն: Հետեւաբար այն դասի մեջ, որը կազմում է Հայաստանի «վերնախավը», մեր հոգեւորականները որեւէ թերություն չեն տեսնում: Բայց ահա, երբ գործը հասնում է երեխաներին, որոնք «հելոուին» են խաղում, նրանք լցվում են այնպիսի մի ցասումով, կարծես թե հենց այդ խաղը դադարի, Հայաստանի բոլոր հոգեւոր խնդիրները կլուծվեն: Բայց դա դեռ քիչ է. նրանք պահանջում են, որ իրենց բոլոր զրուցակիցները նույն ձեւի անեծքներ հնչեցնեն «hելոուինի» հասցեին, կրկնեն իրենց գործածած ածականները՝ «սատանայական», «դիվային», «գեհենական» եւ այլն: Այդ ձեւով հոգեւորականները կարծում են, թե դաստիարակում են երիտասարդությանը: Բայց իրականում նման դոգմատիկ, «քառակուսի» մոտեցումներով նրանք վանում են երեխաներին, փակում են մարդկանց սրտերը Աստծո բարիքների առջեւ:


Մանավանդ, որ այդքան խիստ լինելով ինչ-որ հիմար խաղի հանդեպ՝ նրանք չափազանց «լիբերալ» են, երբ խոսքը սեփական «համքարության» մասին է: Հոգեւորականը իր հաճույքի, զվարճանքի համար կենդանիներ է սպանում եւ հետո հպարտորեն նկարվում է իր սպանած լեշերի հետ: Այստեղ նրա «գործընկերների» ցասման պաշարները սպառվում են՝ դե, ինչ արած, մարդ է, հո բոլորը Պողոս առաքյալ չեն կարող լինել: Բայց երբ խոսք է գնում ուրիշների մասին, հոգեւոր դասն այնքան խիստ է դառնում, որ նրան, թերեւս, կնախանձեին իսպանական հավատաքննիչները: Ինձ թվում է՝ այս կյանքում կա միայն մեկ սատանայական, դիվային երեւույթ՝ դա անհանդուրժողականությունն է՝ համոզմունքը, թե միայն քո ընտրած ճանապարհն է ճիշտը, եւ բոլորը պարտավոր են այդ ճանապարհով գնալ: Այդ համոզմունքն է, որ դժոխային է դարձնում թե՛ նրա կրողի եւ թե՛ նրա շրջապատի կյանքը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին (Մառոզ) դուր չի գալիս Վիգեն Սարգսյանի՝ բանակում չծառայելու շուրջ բարձրացված աղմուկը: «Շատ պաշտոնյաներ այլ կարգավիճակով են ծառայել։ Հըլը Վիգեն Սարգսյանին ես 2003 թվականին նախարարությունում հանդիպել եմ, իսկ էն մնացածին չեմ էլ տեսել ՊՆ-ում։ Վիգեն Սարգսյանին 2-3 անգամ ՊՆ-ի ընդունարանում տեսել եմ, քննարկումների ժամանակ, հանձնաժողովի նիստերին տեսել եմ։ Իսկ էսօր մարդիկ, ովքեր բանակի տեղը չգիտեն, դիրքերի տեղը չգիտեն, բայց բանակից են խոսում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տիկին Խաչատրյանը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի համայնքների խոշորացման ընտրություններում Գյումրու քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանը ՀՀԿ-ի գծին դեմ է գնում՝ Մայիսյանում նա սատարում է ՀՀԿ-ի կողմից չպաշտպանվող գյուղապետին: Իսկ պատճառն այն է, որ նա, ի տարբերություն այլոց, հակված չէ որդուն` Խաչատուրին, Գյումրու քաղաքապետ դարձնել, ինքը դեռ պինդ է նստած իր տեղում, որոշել է այսօրվանց սկսել որդու՝ խորհրդարան մտնելու արշավը։ Բոլոր այն համայնքապետերին, որոնց ինքը սատարում է, պայման է դնում` հաջորդ ԱԺ ընտրություններում համայնքը պետք է ձայն տա Խաչիկին»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Մեզ մանրամասներ են հայտնի դարձել սոցապփոխնախարար Աշոտ Մարգարյանի` աշխատանքից ազատմանն առնչվող: Հիշեցնենք, որ նա Արտեմ Ասատրյանի լուրջ «կոնկուրենտն» էր, փոխնախարար էր նշանակվել` ապագայում նախարար նշանակվելու եւ ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու հեռանկարով: Պարզվում է՝ բացի նրանից, որ նախարար-փոխնախարար տանդեմում լուրջ «կոնկուրենցիա» է եղել, 28-ամյա երիտասարդ բարեփոխիչն անզգուշություն է ունեցել շրջապատում քանիցս արտահայտվել երկրի ավտորիտար-դիկտատորական լինելու մասին, կարծիք է հայտնել, որ, ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանը դուրս կգա ՀՀԿ-ից, եւ իրենք նոր կուսակցություն կստեղծեն: «Խաբարը» շատ արագ «տեղ» են հասցրել նախագահական, եւ շաբաթն ուրբաթից շուտ է եկել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժամանակին «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանին համարում էին ընդդիմադիր հայացքների տեր. 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո նա քաղհալածյալներից մեկն էր, որը քրեական հետապնդման պատճառով անցել էր ընդհատակ: Բայց հիմա այս ամենն անցյալում է, դեռ ավելին` Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի աշխատակազմին ծառայություններ մատակարարող հիմնական կազմակերպություններից մեկը: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախագահականն այս տարի 2 մլն 132 հազար դրամի պայմանագիր է կնքել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրիանս» ընկերության հետ. այդ գումարի շրջանակներում «Սիլ ինշուրիանսն» իրականացրել է նախագահականի 73 ավտոմեքենաների ապահովագրությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան տեղեկացանք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն առողջական խնդիրներ է ունեցել եւ անսպասելի այցելել է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ողջ հիվանդանոցում արագ մոբիլիզացիա են հայտարարել, հիվանդներին հեռացրել են համապատասխան կաբինետներից, որ Արգամիչի բուժզննությանը ոչինչ չխանգարի։ Մեր աղբյուրը նշեց, որ ճնշման հետ կապված խնդիր է եղել։ Կապվեցինք բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ, որը շատ մեծ դժվարությամբ, երկար դիմադրելուց հետո (ես ձեզ չեմ ճանաչում, իրավունք չունեմ բժշկական գաղտնիք հաղորդեմ, վաղն այցելեք մեր լրատվական) միայն հաստատեց, որ իրոք Հովիկ Աբրահամյանը երեկ եղել է իրենց մոտ․ «Բոլոր ցուցանիշները շատ լավ էին, ոչ մի գանգատ չուներ, ընդամենը արյուն է հանձնել»։ Ուշագրավ է, որ Արգամիչը ոչ թե էլիտայի սիրելի «Նաիրի» ԲԿ է գնացել, այլ՝ «Աստղիկ»։