24.11.2024
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կկատարի իր առաջին այցը Երևան և Բաքու
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հայաստանն ուժեղացում է ԶՈւ-երի գլխավոր շտաբն ու ռազմական դիվանագիտությունը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ի տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում: Այսօր, երբ armtimes.com-ը փորձեց Յուրի Վարդանյանից մեկնաբանություն խնդրել Ջավախքում եկեղեցու շուրջ բարձրացված աղմուկի շուրջ, դեսպանատնից պատասխանեցին, որ Վարդանյանն աշխատանքի չի եկել: Վրաստանի հայ համայնքում լուրեր են շրջում, թե Յուրի Վարդանյանը առողջական խնդիրներ ունի: Մեր այս տեղեկությունը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից չհաստատեցին, բայց միեւնույն ժամանակ նաեւ չհերքեցին: «Հիմա դուք ինչ եք ուզում, որ ես ձեզ պատասխանեմ: Ես չեմ կարող ասել, թե ինչու չի գալիս, պարոն Վարդանյանը վաղը կգա»,- փոխանցեցին Վրաստանից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե մտացածին են իր և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հակասության մասին տեղեկությունները, որ հրապարակվում են մամուլում: Նա ասել է, որ խոսքի ազատությունը հարգում է, սակայն մտադիր չէ մեկնաբանել ֆանտազիաները: Ֆանտազիա՞ է արդյոք պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի միջև հակասությունը: Մի բանում, իհարկե, Վիգեն Սարգսյանն իրավացի է, որ այդօրինակ հակասությունների մասին տեղեկությունները որևէ օգուտ չեն բերում բանակին, և հաշվի առնելով այն, որ վերաբերում են այդ նուրբ ոլորտին, նույնիսկ վտանգավոր են: Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը միայն տեղեկությունները չեն, որովհետև դրանք կարող են և չհրապարակվել, սակայն առանցքայինն այն է՝ կա՞ հակասություն, թե՞ ոչ, որովհետև եթե այն կա, ապա տեղեկատվական լռությունը, մեծ հաշվով, չի նվազեցնելու վտանգը: Դրան զուգահեռ՝ հիշարժան է այն, որ դեռևս նախորդ նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի միջև հակասության մասին տեղեկությունները պարբերաբար հայտնվում էին մամուլում, ու թեև դրանք հերքվում էին նույն կերպ, այդուհանդերձ ոչ պաշտոնական, կոնֆիդենցիալ մակարդակում ԶՈւ-ին և ՊՆ-ին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ միանգամայն հավաստի ընդունում էին այդ դիմակայության առկայությունը:


Ի վերջո, խորհրդանշական էր նաև, որ Սերժ Սարգսյանը մեկ զարկով լուծեց «գորդյան հանգույցը»՝ բանակը, ԶՈւ-ն ազատելով թե՛ Սեյրան Օհանյանից, թե՛ Յուրի Խաչատուրովից: Իհարկե, պետք չէ բացառել նաև, որ հակասությունների և դրանից բխած անարդյունավետության պարագան Սարգսյանը առիթ դարձրեց նաև իր քաղաքական խնդիրները լուծելու համար: Սակայն, բոլոր դեպքերում, ակնհայտ էր, որ Օհանյան-Խաչատուրով զույգի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս իսկապես պահանջում էր կտրուկ հանգուցալուծում: Մյուս կողմից, սակայն, խնդիրը շատ ավելի խորն է, և անձերի մակարդակում լուծումները չեն կարող լինել հուսալի, եթե անգամ ներկայումս Վիգեն Սարգսյանն ու Մովսես Հակոբյանը չունեն որևէ հակադրություն: …ի վերջո, բանակի բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող անմասն մնալ այն խմորումներին ու վերադասավորումներին, որ ներկայումս տեղի են ունենում իշխանության ամբողջ համակարգում: Հայաստանում փոխադարձ սերտաճածությունն այնքան մեծ է և խորը՝ թե՛ անձնական, թե՛ նույնիսկ բիզնես մակարդակում, որ այլ հարթություններում առկա շահերի բախումը պարզապես կարող է տարածվել նաև ԶՈւ-ի, պաշտպանական ոլորտի վրա:


«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարևորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարևորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ և ռազմահայրենասիրական դաստիարակությամբ», - դեռևս նախորդ տարի հոկտեմբերին Վիգեն Սարգսյանին ներկայացնելով ՊՆ-ում հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ գործնականում ակնարկելով, որ նախարար-ԶՈւ գլխավոր շտաբի պետ դիլեմային փորձել են լուծում տալ սահմանադրական մակարդակով:


Որքանո՞վ է էֆեկտիվ լինելու այդ մակարդակի լուծումը, որքանո՞վ է լինելու ԶՈւ-ում այդօրինակ վտանգավոր հակադրություն թույլ չտալու բավարար երաշխիք՝ դեռևս, իհարկե, բավականին բարդ է ասել և վաղ: Առավել ևս, որ ներկայումս օրակարգում է հայտնվել անվտանգության և պաշտպանության հարցերում իշխանության լիազորությունների վերաբաշխման գործընթաց, օրենսդրական նախաձեռնության տեսքով: Այն, իհարկե, ավելի շատ միտված է վարչապետի լիազորությունն այդ հարցում սահմանափակելուն, սակայն բուն խնդիրն այստեղ այն է, որ անվտանգության և պաշտպանության հարցերում լիազորությունները կարող են փոփոխության ենթակա լինել ոչ թե զուտ կառավարման էֆեկտիվության, այլ քաղաքական նպատակահարմարության շարժառիթով: Ահա այստեղ է, որ խորության վրա ընկած է ԶՈւ-ի համար քաղաքականության մարտահրավերը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սաստիկ զայրացել է «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորների վրա, որոնք մարզերից ընտրված լինելով՝ դիմումներ են գրել ԱԺ աշխատակազմ, որպեսզի Երեւանում բնակարան վարձակալելու փոխհատուցում ստանան: Այդ պատգամավորները դոլարային միլիոնատեր են, բայց իրենց պահում են որպես մուրացկաններ՝ փորձելով պետությունից հավելյալ 100 հազար դրամ պոկել: Առաջիկայում նրանք հետ կվերցնեն իրենց դիմումները եւ կհայտարարեն, որ այդ գումարի կարիքը չունեն»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Հանրապետական Կարեն Ճշմարիտյանին պատկանող «Էլբատ» փակ բաժնետիրական ընկերությունը 6 ամսով հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Այդ ցանկը նաեւ կոչվում է «սեւ ցուցակ»: «Էլբատ» ՓԲԸ-ն բանակին եւ այլ գերատեսչությունների տարիներ շարունակ մարտկոցներ է մատակարարել, սակայն մինչեւ 2017 թվականի դեկտեմբեր ամիսը որեւէ պետական գնման չի կարող մասնակցել: Armtimes.com-ը պարզեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհուրդը «Էլբատ» ՓԲԸ-ին «սեւ ցուցակ»-ում է ներառել 2017 թվականի հունիսի 5-ին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի գրությունների հիման վրա:


«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ն ԱԱԾ-ի դիմումը ստացել է 2016 թվականի ապրիլի 18-ին, ՊՆ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիմումները ստացել են ապրիլի 14-ին, որոնց հիման վրա ֆինանսների նախարարությունը գրություն է ուղարկել գնումների բողոքարկման խորհուրդ, որն էլ քննարկելով դիմումները՝ որոշել է «Էլբատ» ընկերությանը ներառել «սեւ ցուցակ»-ում: Նշված երկու կառույցներն ու մեկ ընկերություն նախարարությանը խնդրել էին ուսումնասիրել «Էլբատ» ընկերությանը «սեւ ցուցակում» ներառելու հիմքերը, եւ այդ հիմքերը հայտնաբերելու դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ մասնակցին ցուցակում ներառելու համար: Բողոքարկման խորհրդի գործունեության ընթացքում ՊՆ-ն հայտնել է, որ գնումներ կատարելու «Էլբատ» ընկերության հայտը ներկայացնելուն նախորդող տարվա ընթացքում պարտավորությունները գերազանցում են ակտիվների հաշվապահական հաշվեկշռային արժեքը, ինչի արդյունքում ընկերության հայտը մերժվել է:


ԱԱԾ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում էլ ընկերությունը հայտնել է, որ հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը չի գերազանցել ակտիվների հաշվեկշռային արժեքը: Ֆինանսների նախարարության կողմից ԱԱԾ-ին եզրակացություն է տրամադրվել, համաձայն որի՝ «Էլբատ» ՓԲԸ-ի հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը կազմել է 7 միլիարդ 937 միլիոն դրամ, իսկ ակտիվների հաշվեկշռային արժեքը՝ 7.6 միլիարդ դրամ: «Էլբատ» ՓԲԸ-ն, իհարկե ներկայացրել է իր դիրքորոշումը եւ պնդել, որ 2015 թվականի վերաբերյալ տարեկան հաշվետվությունն ընկերության կողմից ներկայացվել է 2016 թվականի ապրիլի 5-ին, ինչը բացառում է ներկայացված տվյալների կեղծ որակելը:


«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն էլ իր դիրքորոշման մեջ նշել է, որ «Էլբատ» ՓԲԸ-ն գնման մասնակցելու հայտում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տրամադրել: «Էլբատ» ՓԲԸ-ի «սեւ ցուցակ»-ում հայտնվելուց հետո պաշտպանության նախարարություն այլ մատակարար է գտել, որն արդեն իսկ իրականացրել է մեկ խոշոր մատակարարում: Անվադողերի, կուտակիչների եւ մարտկոցների գնման պայմանագիրը կնքվել է «Արպանիվ» ՍՊԸ-ի հետ, որն արժեցել է 376 միլիոն դրամ: «Արպանիվ» ՍՊԸ-ն հանդիսանում է իր ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնողներից մեկը:


Նշենք, որ 2010 թվականի նոյեմբերի 23-ին Երեւանում պաշտոնապես բացվել էր մարտկոցներ արտադրող «Էլբատ» ձեռնարկությունը: Այն ժամանակ «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ Հայ-գերմանական «Էլբատ» ՓԲԸ-ի սեփականատերերն են էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը (24%), ձեռնարկության տնօրեն Սամվել Աբրահամյանը (25%) եւ «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը (51%): Այս ձեռնարկությունը տեղակայվել էր «Էլեկտրոն» ԲԲԸ-ի տարածքում: «Էլեկտրոնի» սեփականատերերն են Սամվել Աբրահամյանը (40%), Կարեն Ճշմարիտյանը (40%) եւ ձեռնարկության կոլեկտիվը (20%)»:


«168 ժամ» թերթը գրում է. «Ես չեմ կարող որեւէ դրական ելք կանխատեսել սպասվող Սարգսյան-Ալիեւ հանդիպումից, այն կլինի հերթականը, այն կլինի այնպիսի արդյունքներով, ինչպիսիք նախորդներն էին: Այսինքն՝ ըստ էության, ապարդյուն: Հակամարտող երկրների նախագահների ելույթներից երեւում է, որ կողմերը, ինչպես նախկինում, պատրաստ չեն փոխզիջումների, որի դեպքում միայն կարելի է ակնկալել հակամարտության փափուկ կարգավորում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում սպասվող գագաթաժողովի արդյունքներին: Մաքֆարլեյնը հիշեցրեց, որ ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից եւ Սարգսյանը, եւ Ալիեւը խոսեցին այն հարցերից, որոնք իրենց են պետք, բայց ոչ կարգավորման ընդհանուր փաթեթից: Ըստ նրա, բոլորի համար պարզ է, թե ինչ պետք է տեղի ունենա հակամարտության կարգավորման համար, սակայն դա ընդունելի չէ իրենց՝ կողմերի համար: Ուստի, վերլուծաբանի համոզմամբ, այս պարագայում որեւէ դրական զարգացում կանխատեսելն անհնար է:


«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի երկարամյա անորոշությունը պահպանվում է, ես որեւէ նոր գործընթաց եւ զարգացում չեմ տեսնում: ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից ՀՀ նախագահը կարողացավ կառուցողականորեն ներկայացնել հայկական կողմի համար շահավետ ընկալվող հարցերը, դրանցում եւս որեւէ նորություն չտեսա, իսկ Ադրբեջանի նախագահի ելույթում հուսահատ ելեւէջներ նկատեցի. ադրբեջանական կողմն այլեւս հույս չունի վերադարձնել որոշ տարածքներ եւ հույսեր է կապում խնդրի պատերազմական ելքի հետ, ինչն անցանկալի սցենար է ոչ միայն Հայաստանի, միջնորդների, այնպես էլ ինքնին Ադրբեջանի համար, ինչն ակնհայտ է, այդ պատճառով եմ նշում՝ հուսահատ»,- ասել է նա»:


«Իրատես» թերթը գրում է. «Նախօրեին սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «վրաերթի» էր ենթարկել Սամվել Կարապետյանին, ինչը, պարզվում է, բավական թանկ է նստել նրա վրա: Հիշեցնենք, որ նախարարը հայտարարել էր. «Սամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ եւ տեւական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձեւին, ծանր հարված հասցրեց, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ»: Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ հարված Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան (վարչապետ) տանդեմին, սակայն հետագա զարգացումները կասեցվել են:


Անմիջապես հաջորդ օրը Սերժ Սարգսյանը նախագահական «բերման» է ենթարկել Ռոստոմյանին եւ խիստ տոնով ասել. «Դու կառավարության անդա՞մ ես, նախարա՞ր, թե՞ Ծառուկյանի խոսափողը»: Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախագահը հասկացրել է Հրաչյա Ռոստոմյանին, որ ինքը քաղաքական հայտարարությունների համար չի սպորտի նախարար նշանակվել, եւ ճիշտ կանի, եթե այսուհետ զբաղվի իր իսկական գործով: Հայտարարություն էր տարածել նաեւ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը. «Սպորտի նախարարը չափազանց փոքր մարդ է, որ իրեն թույլ տա գնահատական տալ Սամվել Կարապետյանի գործունեությանը: Ընդամենը խորհուրդ կտանք նրան իր գործով զբաղվել եւ իր ղեկավարած կառույցի ձախողումների համար պատճառներ չփնտրել: Լավ, սպորտի նախարարությունը կամ հենց նախարարն ինչի՞ համար են, եթե ուրիշները պիտի փրկեն այս կամ այն սպորտաձեւը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԱԺ ուղարկվելը` «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը քննարկվել, «ադաբրյամսի» է արժանացել նախագահական նստավայրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Ներկաները տարակուսել են, որ կառավարության ներկայացրած կարեւորագույն նախագծի քննարկման ժամանակ ներկա չի եղել վարչապետը։ Մինչդեռ, նախագծով որոշակիորեն նվազեցվում են վարչապետի լիազորությունները, կարեւորագույն որոշումների մոդերատոր դարձնում կառավարությանը եւ Անվտանգության խորհրդին։ Կարեն Կարապետյանի բացակայությունը մասնակիցներին հեռուն գնացող եզրակացությունների առիթ է տվել. եթե վարչապետը չի հրավիրվել, ուրեմն մի բան էն չի նախագահ-վարչապետ տանդեմում, եթե կրճատվում են վարչապետի լիազորությունները, հնարավոր է եւ իսկապես Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ-ն «ազգովին չխնդրեն» Սերժ Սարգսյանին` վարչապետ դառնալ։ «Չնայած օրենք է` պահի տակ կարելի է ցանկացած փոփոխություն կատարել»,- ասաց հանդիպմանը մասնակցած իրավաբաններից մեկը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները երեկ հավաքվել են «Փարավոնում»։ Մասնակցել է ողջ ֆրակցիան, անգամ Իշխան Զաքարյանը։ Գագիկ Ծառուկյանը քաղաքական թեմաներ շատ չի արծարծել, սակայն շեշտել է, որ պետք է թիմով աշխատել, միասնական լինել, ինչից հետեւություններ են եղել, որ դժվարին օրեր են սպասվում՝ հաշվի առնելով Ծառուկյանին պատկանող օբյեկտներում ՊԵԿ-ի օրերս կատարած ստուգումները, որոնք հաջորդեցին նրա թիմակիցների՝ կառավարության դեմ տված հարցազրույցներին, կառավարությանն ուղղված քննադատությանը»:


«ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւան քաղաքի կառավարման հարցով մի քանի դիտողություններ է արել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն, ինչպես պարզվում է, վարչապետի դիտողությունները Երեւանի քաղաքապետի սրտով չեն եղել, եւ նա փորձել է հարցերը կարգավորել Սերժ Սարգսյանի միջոցով: Վարչապետի մի քանի դիտողություններից հետո Տարոն Մարգարյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին եւ բողոքել Կարեն Կարապետյանից՝ խնդրելով, որ վերջինս չմիջամտի իր աշխատանքին: Ինչպես երեւում է՝ նրա խնդրանքը բավարարվել է, եւ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հորդորել է ուղղակի հանգիստ թողնել Երեւան համայնքը: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով մեկնաբանության համար դիմեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին, ով ո՛չ հաստատելով, ո՛չ հերքելով վերը նշվածը՝ ասաց, թե բամբասանքներ չի մեկնաբանում»:


«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի մշակութային քաղաքականությունում այս մեկ տարվա ընթացքում էական բեկում չեղավ: Ավելին, վերջին շրջանում նախարարությունը պարբերաբար հայտնվեց անհեթեթ իրավիճակներում. մեկ ցուցահանդես է փակվում, մեկ՝ համերգ արգելվում: Նախարար Արմեն Ամիրյանին, կարծես, չի հաջողվում ինտեգրվել այս ոլորտին: Դրա վկայությունն է եւ ոլորտի ներկայացուցիչների, եւ իշխանության հենց Բաղրամյան 26-ի դժգոհությունը նրա աշխատանքից: Մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներում որոշել են, որ 2018-ին Արմեն Ամիրյանը հրաժեշտ կտա պաշտոնին, նոր նախարարի փնտրտուք է սկսվել»: