Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է իրականացնում հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems (ADS) ընկերության նկատմամբ, գրում է Коммерсантъ-ի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր իսրայելական «Մաարիվ» թերթը, Թել Ավիվում գտնվող ընկերության աշխատակիցները, հնարավոր է, Ադրբեջան այցի ժամանակ ադրբեջանցի զինվորականների խնդրանքով մասնակցել են Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածին: Ընկերությունը բոլոր մեղադրանքները հերքում է, սակայն Բաքվի հետ իր համագործակցության մասին վաղուց է հայտնի, գրում է հոդվածագիրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երբ անօդաչուն կառավարող մասնագետները հրաժարվել են դա անել, ընկերության ղեկավարներն են փորձել դա ինքնուրույն իրականացնել:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը վերջերս բողոք է ստացել, համաձայն որի, երբ Aeronautics Defense Systems-ի թիմը մեկնել է Ադրբեջան՝ ընկերության Orbiter 1K անօդաչուի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքումը եզրափակելու համար, նրանց խնդրել են կիրառել պայթուցիկներով զինված սարքը հայկական բանակի ռազմական թիրախի դեմ:
«Մաարիվ»-ի համաձայն՝ անօդաչու թռչող սարքի երկու իսրայելցի մասնագետները հրաժարվել են հարվածել հայկական դիրքերին, ինչը կարող էր հանգեցնել զոհերի, և անգամ իրենց դեմ ուղղված սպառնալիքներից հետո անհողդողդ են մնացել իրենց մերժման հարցում: Դրանից հետո ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն ինքնուրույն են զինել և կիրառել անօդաչու սարքը: Ի վերջո, հավանաբար դրոնների կիրառման իրենց փորձի պակասի պատճառով երկու անօդաչու սարքերը ճիշտ թիրախին չեն հարվածել, ինչի հետևանքով ոչ մի վնաս չի հասցվել: Համաձայն բողոքի՝ դրանցից մեկը հարվածել է հայկական դիրքից մոտ 100 մետր հեռավորության վրա:
Աղբյուրը նշել էր, որ երկու մասնագետներից մեկը հեռացել է ընկերությունից, մյուսը նույնպես պատրաստվում է հեռանալ:
Կիրիլ Կրիվոշեևը գրում է, որ հայկական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հստակեցրել են միջադեպի ամսաթիվը՝ դա կատարվել է հուլիսի 7-ին: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից սկանդալի առնչությամբ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել, այնտեղ չեն պատասխանել նաև «Կոմերսանտ»-ի հարցմանը:
Իսրայելի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, արձագանքելով իրավիճակը մեկնաբանելու վերաբերյալ թերթի խնդրանքին, հայտարարել է. «Պաշտպանության նախարարությունը սովորաբար չի մեկնաբանում ռազմական արտահանման հետ կապված տեղեկությունները: Այդ հարցը գտնվում է Պաշտպանության նախարարության համապատասխան բաժինների ստուգման փուլում»: Գերատեսչությունում նաև հավելել են, որ «եթե Aeronautics Defense Systems-ի ինժեներներն անգամ մեկնել են Ադրբեջան, իսրայելցի զինվորականներ նրանց հետ չեն եղել»:
Իսրայելի պետական կառույցներում «Կոմերսանտ»-ի աղբյուրը «Մաարիվ» թերթում նկարագրված պատմությունն «արտառոց» է անվանել: «Նման բան նախկինում չի եղել: Օտար հակամարտություններին չմիջամտելու սկզբունքն առանցքային է իսրայելական ռազմական արդյունաբերության համար: Ցանկանում եմ հավատալ, որ այդ տեղեկությունը չի հաստատվի: Բայց եթե այն, այնուամենայնիվ, ճիշտ լինի, ռազմական գերատեսչությունն, իհարկե, պատժամիջոցներ կկիրառի ընկերության նկատմամբ»: Թե երբ կավարտվի Իսրայելի պաշտպանության նախարարության հետաքննությունը՝ դեռ հայտնի չէ:
Կայքը հիշեցնում է, որ 2016 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանն առաջին անգամ մարտական պայմաններում իսրայելական անօդաչու սարքեր է կիրառել: Բախումների ավարտից հետո՝ 2016 թվականի ապրիլի 14-ին Իսրայելի հայկական սփյուռքը բողոքի ակցիա է անցկացրել Երուսաղեմում երկրի ԱԳՆ-ի մոտ՝ պահանջելով դադարեցնել Բաքվին ժամանակակից զենքերի վաճառքը:
«Ադրբեջանի սպառազինումը դադարեցնելու անհրաժեշտությունը մեր համայնքի համաձայնեցված դիրքորոշումն է: Ինչ վերաբերում է «Մաարիվ» թերթում հոդվածին, մենք սպասում ենք հետաքննության ավարտին, միասնական կարծիք այստեղ չկա: Հայերի մի մասը կարծում է, որ հարված հասցնելուց հրաժարված օպերատորներն իսկական հերոսներ են: Իսկ մի մասը չի հավատում թերթին՝ կասկածելով, որ դա ընդամենը փորձ է փչացնել Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները, որոնք վերջին ժամանակներում բարելավվել են»,-«Կոմերսանտ»-ին հայտնել է «Նաիրի» հասարակական կազմակերպության ղեկավար Արտյոմ Չեռնամորյանը:
Կայքը հիշեցնում է, որ անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Իսրայելը և Ադրբեջանը ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության ընթացքում կնքել են մոտ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր՝ նշելով, որ դրանց մեծ մասն արդեն իրականացվել է: Ռազմատեխնիկական ոլորտում Մոսկվայի և Բաքվի միջև իրականացված պայմանագրերի ծավալը վերջին հինգ տարվա ընթացքում գնահատվում է ավելի քան 4 միլիարդ դոլար: