ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետն այլևս չի երկարաձգվելու
ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետն այլևս չի երկարաձգվելու: Համապատասխան փոփոխությունը կքննարկի ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում:
Գործող օրենքով ՀՀ-ում տրվող անձնագրերի առավելագույն ժամկետը 10 տարի է, որը ունի նաև հինգ տարի երկարաձգման հնարավորություն։ Այժմ նախատեսվում է փոփոխություններ կատարել կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի և 2011 թ. հունիսի 23-ի որոշումներում, որոնցում հաստատված է ՀՀ քաղաքացու անձնագրի տրման, փոխանակման, վավերականության ժամկետի և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը:
Ըստ հիմնավորման՝ ներկայումս մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք:
Բացի այդ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում պրակտիկայում խնդիրներ են առաջանում նաև անձնագրում փակցված լուսանկարի հետ քաղաքացիներին նույնացնելու ժամանակ:
«Վերը նշված խնդիրներից խուսափելու և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը»,- ասված է հիմնավորման մեջ: