ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014 թվականին հայտարարել էր, որ այլեւս երբեք չիառաջադրվելու Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնի համար: Նա նաև հայտարարել էր, որ եթե վերջնական քննարկումների արդյունքում իր ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ինքը չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին:
Ազգային Ժողովում, հիշեցնելով երկրի ղեկավարի այս հայտարարությունը և դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այնպիսի տպավորություն է, թե խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները սկսում են Սերժ Սարգսյանին «համոզել», որ նա, այնուամենայնիվ, փոխի իր մտադրությունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ վարչապետը և՞ս այդ համոզողների թվում է և կամ՝ ընդհանրապես համաձայն է 2018 թվականին կառավարությունում զբաղեցնել այլ պաշտոն՝ լինել փոխվարչապետ կամ տարածքային կառավարման նախարար, կամ այլ նախարար:
Կարեն Կարապետյանն արձագանքեց՝ հնչեցված հարցը կոռեկտության սահման ունի: Նա, նախ, հայտարարեց, որ չգիտի Փաշինյանի ձևակերպմամբ համոզողներ կան, թե ոչ, բայց անձամբ ինքը համոզողների մեջ չկա:
«Ես պատրաստ եմ լինել վարչապետ, այս պատասխանը ձեզ բավարա՞ր է»,- հավելեց նա:
Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս այդ հարցը հնչեցրեց՝ 2018 թվականին արդյոք շարունակելու է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թե ոչ:
«Այն հանգամանքը, որ մենք կառավարության ծրագիրը ֆիքսել ենք 2017-2022 թվականների համար, ինչ-որ առումով պատասխանում է ձեր հարցին»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը:
Էդմոն Մարուքյանը նաև մատնանշեց, որ վարչապետը կառավարության գործունեության ծրագիրը քննարկելու համար հրաժարվել է հանդիպել «Ելք» խմբակցության հետ՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունի: Բայց պարզվեց, որ վարչապետն էլ կարող է մեղադրել խմբակցությանը.
«Ես երեկ ժամը 18:00-ին եկել էի ձեզ հետ հանդիպման և զարմացա, որ «Ելք» խմբակցությունը ներկա չէր: Ես կառավարության ծրագիրը ներկայացնելու համար խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել եմ և երեկ էլ եկել էի ձեզ հետ հանդիպման: Ես չեմ ասել՝ հանդիպելու ժամանակ կամ ցանկություն չունեմ: Նման ձևակերպում չի եղել»,- ընդգծեց վարչապետը: