Արցախում վիրավորված 2 զինծառայողների վիճակը կայուն է
Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Երկուսն էլ գիտակցություն ունեն, Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում գտնվող զինվորը ստացել էր բեկորային վնասվածքներ, նաև գլխի շրջանում, վիրահատական միջամտություն դեռ չենք անում, որ չվնասենք: «Մալայան» ակնաբուժական կենտրոնում գտնվող զինծառայողը, ով ստացել էր աչքերի այրվածքներ, գիտեք, վիրահատվել է, մանր -մունր բեկորները հեռացրել են, պետք վերքերը լավանան, որ հասկանանք` տեսողության վրա ինչպիսի ազդեցություն է ունեցել», - մանրամասնեց Կամավոր Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ «Մալայան» կենտրոնում գտնվող զինծառայողը Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ ևս գիտակցություն ունեցել է:
Նշենք, որ զինծառայողները Արցախից Երևան էին տեղափոխվել հունիսի 17-ին:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հունիսի 17-ին առավոտյան ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: