25.11.2024
ՀՀ կեսն ապրում է ջրամատակարարման մի ռեժիմում, մյուսը՝ դրանից դուրս. Վարչապետը զարմացել է
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը լրացնում է սադրանքներով

Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։ Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:


Նշենք, որ այսօր, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի կրկին լարվել է, որի հետևանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել։


Բալայանի խոսքով, նման սադրանքի գնալով այն ժամանակ, երբ բոլորը սպասում են մոսկովյան հանդիպման արդյունքին՝ Բաքուն նաև հստակ ի ցույց է դնում, որ իրականում հետաքրքրված չէ դրանով և, անկախ նրանից, թե ինչ մակարդակով հանդիպում է ընթանում, շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից։


Նշենք, որ քիչ առաջ Մոսկվայում ավարտվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ Լավրով-Նալբանյան-Մամեդյարով հանդիպումը, որին շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: