24.11.2024
Վարչապետը բոլորին հրավիրում է մասնակցել կոնյակի փառատոնին
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սերգեյ Շոյգուին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ:


«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, ՌԴ Հարավային ռազմական շրջանի և 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը, զոհվածի հարազատներին և մերձավորներին: Ընդունեք մեր զորակցությունն ու կարեկցանքը:


Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը` դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու և մեղավորներին պատժելու համար», -ասված է ՀՀ պաշտպանության նախարարի ցավակցական հեռագրում:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 22-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նա հայտնաբերվել է և ձերբակալվել։ Ներկայումս նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։


Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: